Մատչելիության հղումներ

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ դեռևս շուտ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր հայտնել է, որ դեռևս շուտ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:

Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններն ընթանում են փորձագիտական մակարդակով, նախևառաջ, Մինսկի խմբի շրջանակներում։

Մոսկվան, ըստ Ռուդենկոյի, ընդհանրապես նախընտրում է չշահարկել Ղարաբաղի կարգավորման հարցը։

«Առայժմ կան միանգամայն որոշակի մշակումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ), որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ներկայումս խոսակցությունը հենց այդ մասին է», - լրագրողներին այսօր հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման կողմնակիցն է։

«Միանշանակ այդ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում՝ որում ներառված կլինեն բոլոր կողմերի շահերը», - ասել է Ռուդենկոն:

Հիշեցնենք՝ երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը նոյեմբերի 1-ին քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ միայն սա էր նշված, այլ մանրմասներ այդ հեռախոսազրույցներից հայտնի չեն։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր․ - «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Հայաստանի վարչապետը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»։

Վարչապետի նամակին նույն օրն արձագանքել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հայտնելով, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտականությունները, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք։

Նշենք, որ երեկ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Հայաստանի տարածքում գտնվող Դավիթ Բեկ գյուղը, խաղաղ բնակիչներից մեկը սպանվել է։

Երեկ ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ են ռուս-հայկական խորհրդակցություններ Հայաստանին օգնելու վերաբերյալ, ասել է, թե 1997 թվականի համաձայնագրով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG