Նորվեգիայի կառավարությունը որոշել է 17 միլիոն նորվեգական կրոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին:
Այդ գումարը, որը հավասար է 1.5 միլիոն եվրոյի, Նորվեգիան Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը փոխանցելու է մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով:
«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում մեծ թվով մարդկանց կյանք են խլել, շատերը ստիպված լքել են հարազատ տները, պատերազմը շատ տառապանքներ է բերել խաղաղ բնակիչներին, Նորվեգիան գումար կփոխանցի այն կազմակերպություններին, որոնք օգնում են պատերազմից տուժածներին»,- հայտնել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն հույս է հայտնել, որ կողմերը կապահովեն մարդասիրական օգնություն հասցնող կազմակերպությունների անվտանգությունը և ապահով մուտքը հակամարտության գոտի:
«Մենք կողմերին կոչ ենք անում հրադադար պահպանել և վերսկսել բանակցությունները: Նորվեգիան աջակցում է խաղաղություն հաստատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը»,- հայտարարել է նախարար Սյորեյդեն: