Հայաստան մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել, տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ)։
Ըստ կառավարության հոկտեմբերի 31-ի որոշման, եթե Հայաստան մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։
Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։
Կառավարության նոր որոշմամբ, Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձևաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նաև տեղեկացնում է, որ ԱԱՏՄ-ի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
«Եթե վերը նշված սահմանված ձևի սերտիֆիկատ առկա չէ և հոսպիտալացման կարիք չկա, ապա մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը» , - ասված է հաղորդագրությունում։
ԱԱՏՄ-ն նաև նշում է, որ նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ։
ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:
ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 93 հազար 448-ի։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1391-ի, ևս 376 վարակակիր մահացել է այլ պատճառներով: