Մատչելիության հղումներ

Արցախի ճանաչում, բազմակողմանի լուսաբանում. Եվրոպայում հայերի ցույցերը շարունակվում են


Ավտոերթ Շվեդիայում ու Լեհաստանում և բողոքի ակցիա Մեծ Բրիտանիայում։ Արդեն մեկ ամիս շարունակ տարբեր երկրներում ապրող հայերը շարունակում են բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն Արցախի։

Բրիտանական Մանչեստր քաղաքի հայերը հավաքվել էին BBC հեռուստաընկերության առջև։ Թեև պատերազի առաջին օրերին լրատվամիջոցը թղթակիցներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ ու Հայաստան, որոնք տեղում լուսաբանել են իրավիճակը, սակայն տեղի հայերին առհասարակ նրանց լուսաբանումը չի գոհացնում։ Ցույցի կազմակերպիչներից Արթուր Բոբիկյանի խոսքով՝ քաղաքում շուրջ 300 հայ է ապրում, մոտ 130-ը մասնակցել են ցույցին ու պահանջել, որ բազմակողմանի լուսաբանման շնորհիվ տեղացիները պատկերացում կազմեն, թե ինչ է կատարվում Հայաստանում ու Արցախում. - «Ցույցի մասնակիցներն ունեին մեծ պաստառներ` ասելով, որ BBC-ն միակողմի ինֆորմացիա է ներկայացնում: Պաստառներից շատերի վրա գրված էին թուրքերի մասին, ինչպես է BBC-ն լռում Թուրքիայի մասին, ինչպես է BBC-ն լռում քիմիական զենքերի մասին, կամ երկկողմանի, կամ բարեխիղճ ներկայացնելու ժուռնալիստական նորմերի մասին ընդհանրապես խոսք չկա»:

Կոմիտասի կռունկի հնչյունների ներքո Մանչեստրի հայերը հարգել են ռազմաճակատում զոհված հազարից ավելի զոհերի հիշատակը։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ տանող հիմնական մայրուղին հայերը ժամեր շարունակ խցանված են պահել՝ հազարից ավելի ավտոմեքենաներով դանդաղ ավտոերթ կազմակերպելով։ Իշխանություններից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ տեղական լրատվամիջոցներից` կրկին անաչառ և անկողմնակալ լուսաբանում։ Ակցիայի համակարգող խմբի անդամներից Արմինե Սաղյանն «Ազատությանը» պատմեց` իրենք խորամանկել են, հենց մեքենաներից զանգահարել են Շվեդիայի խոշոր լրատվամիջոցներին ու պահանջել եթերում բացատրել, թե ինչն է խցանումների պատճառը` այդպիսով ստիպելով նրանց անդրադառնալ խնդրին. - «Մեր նպատակն է արթնացնել արտասահմանցու գիտակցության մակարդակն այս խնդրի շուրջ ու հասկանալ, որ սա սպառնում է նաև իրենց, այսինքն` Հայաստանը մի փոքրիկ երկիր է, որը կանգնած է Թուրքիայի ճանապարհին, որ Թուրքիան հասնի նաև իրենց: Արտասահմանում հատկապես աշխատող հայերի համար, որոնք այս խնդրի շուրջ են աշխատում, կարևոր է գիտակցել, որ իրենք պետք է խոսեն այդ երկրի շահերից ելնելով, այդ երկրի խնդիրները բարձրացնելով, իսկ մենք այստեղ ապրելով հասկանում ենք, ասենք, շվեդի հետ ինչ լեզվով պետք է խոսել»:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի հայերը նույնպես ավտոերթ են կազմակերպել, հետո փակել են Լեհաստանից Գերմանիա տանող գլխավոր մայրուղին` այդպիսով լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելով Արցախի խնդրի վրա։ Ցույցի մասնակիցներից Լիլիթ Կարապետյանն «Ազատությանը» պատմեց՝ իրենք խցանման մեջ մնացած լեհերին պատմել են, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է Արցախի վրա, թիրախավորել խաղաղ բնակիչներին, գլխատել հայ զինվորին, գնդակահարել գերիներին, խոշտանգել ռազմագերիներին, ավերել եկեղեցին, հիվանդանոցն ու դպրոցները։ Ըստ Կարապետյանի՝ լրատվամիջոցների պասիվ աշխատանքի հետևանքով լեհերը հիմնականում տեղյակ չեն եղել այս մանրամասներից, լսելիս էլ զարմացել են, որ այդ ամենը տեղի է ունենում 21-րդ դարում. - «Մոտենում էին Լեհաստանի քաղաքացիներ և հարցնում, թե ինչն է պատճառը, որ փակել ենք մայրուղին: Դե իհարկե, մենք ներկայացնում էինք արագ ամբողջ իրողությունը, նրանք շատ զարմացած էին և տեղեկացված չէին, որ նման բան է տեղի ունենում 21-րդ դարում: Այստեղի լրատվամիջոցները շատ սակավ տեղեկություններ են տրամադրում, եթե խոսքը գնում է Հայաստանի մասին»:

Շվեդիայում, Լեհաստանում և Մեծ Բրիտանիայում բողոքի ակիցա կազմակերպած հայերը տեղի իշխանություններից նաև պահանջել են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, հնարավորության սահմաններում նպաստել, որ Ադրբեջանը դադարեցնի կրակը, և որ Թուրքիան դադարի աջակցել այդ երկրին։

XS
SM
MD
LG