Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետաձգման մասին տեղեկությունը


Հայաստանի արտգործնախարարությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է։

«Արմենպրեսը» գրեց, որ Մնացականյանի ու Բյարամովի այսօր Ժնևում ծրագրված հանդիպումը չի կայանա: Ռուսաստանյան Риа Новости-ի տեղեկություններով՝ այն մեկ օրով հետաձգվել է՝ մինչև վաղը։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը «Ազատության» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունները՝ այս պահին հրաժարվելով մեկնաբանություններից։

Նախատեսված էր, որ արտգործնախարարների ժնևյան հանդիպմանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է մասնակցեին, ինչպես ձևակերպել էին՝ «քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկ պաշտոնապես չի եղել, հայտնում է վարչապետի խոսնակը

«Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկ պաշտոնապես չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Իսկ եթե լինի առաջարկ, կհամաձայնի՞ վարչապետը մասնակցել, հարցին Գևորգյանը պատասխանեց. «Ինչպես նախկինում Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, այնպես էլ հիմա չի բացառում այդպիսի հանդիպմանն իր մասնակցությունը, որը սակայն պետք է հիմնված լինի փոխզիջման տրամաբանության վրա»։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել էր՝ որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել, բայց պատրաստ է Մոսկվայում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես ձևակերպել էր՝ առանց նախապայմանների:

Նույն ծավալուն հարցազրույցում, սակայն, Ալիևը կրկին նախապայմաններ էր դրել ինչպես ապագա բանակցությունների, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցման համար, թե պատրաստ են կանգ առնել, եթե հայկական կողմը «գրավյալ տարածքներից» զորքերի դուրսբերման պարտավորություն ստանձնի։ Հայտարարելով, թե Ադրբեջանի համար ընդհանուր առմամբ ընդունելի են հիմնարար սկզբունքները, Ալիևը ասել է, թե նախատեսվող առաջին փուլը՝ 5 շրջանների վերադարձն այս պահին արդեն արդիական չէ, եթե կողմերը քաղաքական կարգավորման համաձայնություն ձեռք բերեն, ապա հակական զոքերը պետք է անմիջապես դուրս գան Քելբաջարի ու Լաչինի, մասամբ էլ՝ Աղդամի շրջաններից։

«Նման բան չի կարող լինել», - հայտարարեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով անվտանգության գոտուց զորքերի դուրսբերման մասին Ալիևի հայտարարություններին։

«Զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ, էդպիսի բան չի կարա լինի: 15 թվականին դա ստացվեց, որովհետև հայկական պետություն չկար: Այսօր Հայաստանը պետություն է, նա երաշխավորն է Արցախի ժողովրդի անվտանգության: Այսօր խոսել այդ անվտանգության գոտու հանձնման այսպիսի վիճակի մասին, երբ որ այդ գոտին, պատկերացնում եք, եթե չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ: Այնպես որ այստեղ թող միջազգային հանրությունն էլ և Մինսկի խմբի անդամ բոլոր պետություններն էլ հասկանան, որ այստեղ գոյության խնդիր է լուծվում», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն ասում է՝ Մինսկի խմբի կողմից տարիներ շարունակ քննարկված տրամաբանությունը՝ տարածքներ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս «չի կարող աշխատել». «Բանակցային ֆորմատը ճիշտ է, բայց բանակցության տրամաբանությունը, արդեն այդ տրամաբանությամբ շարունակել պարզապես նույնն է, որ վերադառնանք նույն 90-ականների կարգավիճակին՝ արդեն ավելի լայն հնարավորություն տալով հակառակորդին մեր ազգաբնակչությանը ոչնչացնելու առումով»:

«Ազատության» հարցին՝ նոր առաջարկնե՞ր են սպասում միջնորդներից, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Հայկական կողմն իր առաջարկը ձևակերպել է, իհարկե, ոչ Մինսկի խմբի ֆորմատով: Մեր Հանրապետության վարչապետը ներկայացրել է, թե ինչն է այսօր հրատապ, որպեսզի լուծվի մեր ժողովրդի անվտանգությունն Արցախում: Ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը»:

Հարցին՝ Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը կարո՞ղ է հայկական կողմի նախապայմանը լինել բանակցություններում, Քոչարյանն արձագանքեց. «Ամեն ինչ կախված է՝ ռազմաճակատում ով ինչ հաջողություն կարձանագրի»:

XS
SM
MD
LG