Հայաստանի հարավում իրադրությունը հարաբերական լարված է, «Ազատության» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
«Պարբերաբար լարվում է իրավիճակը: Մենք մշտական կապի մեջ ենք և՛ Սյունիքի մարզի ինքնապաշտպանական միջոցառումները համակարգող պարոն Դավթյանի հետ, և՛ Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Եվ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ հարաբերական լարված է, և պարբերաբար այդ լարվածությունն ուժեղանում, թուլանում է», - նշեց նա:
Օրերս Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը: Երեկ պաշտպանական գերատեսչությունից փոխանցեցին, որ իրադրությունը վերահսկելի է: Հունան Պողոսյանի վստահեցմամբ` մարզում զգոն են. - «Մարզում կարելի է ասել` նորմալ վիճակ է, բայց բոլորն արդեն ինքնակազմակերպվել են, մի քիչ ավելի զգույշ են, մի քիչ ավելի կարգապահությունը պահպանող: Համարժեք իրավիճակ է ստեղծված իրադրությանը: Ամենակարևորը հասցնում ենք ինքնակազմակերպվել` չունենալով դրա համար առանձնապես մեծ ժամանակ»:
Պողոսյանի փոխանցմամբ` ինքնապաշտպանական ջոկատներում բազմաթիվ սյունեցիներ են ներգրավված. - «Ինքնապաշտպանական ջոկատներում ներգրավված են բավականին մեծ թվով սյունեցիներ, որոնք կարելի է ասել` հայրենիքի սահմաններն այս պահին էլ պահպանում են և գտնվում են առաջնագծում»:
Մարզպետի խոսքով` Սյունիքի գործարաններն աշխատում են, տնտեսական վիճակը կայուն է. - «Այս պահի դրությամբ տնտեսական վիճակը կայուն է, բոլոր ճյուղերն աշխատում են, և բնականաբար մեր կողմից համակարգվում է այդ ամեն ինչը և ըստ առաջնահերթության, քանի որ նաև ապահովում ենք թիկունքը, որին ինչ հանձնարարություն տալ, և շատ նորմալ կատարում են այդ աշխատանքները»: