Մատչելիության հղումներ

Մնացականյանը և Բորելը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ:

Հայաստանի ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, հատուկ թիրախավորվել է նաև Ստեփանակերտի բուժհաստատությունը: Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը:

Անդրադառնալով Թուրքիայի՝ «Հարավային Կովկասում ապակայունացնող գործողություններին՝ նախարար Մնացականյանն նշել է, որ նմանօրինակ գործողությունները սպառնալիք են հանդիսանում և տարածաշրջանային, և միջազգային անվտանգության համար»:

ՀՀ արտգործնախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության շրջանակներում։ Երկուստեք ընդգծվել է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և կայուն, վերահսկելի հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG