Մատչելիության հղումներ

Թուրք-ֆրանսիական հարաբերություններում լարվածությունը շարունակվում է


Թուրք-ֆրանսիական լարվածությունն արտահայտվեց նաև երգիծական ժանրում. այսօր լույս տեսած Charlie Hebdo-ի համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ծաղրանկարն է, ինչը վրդովեցրել է թուրք պաշտոնյաներին:

«Մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիական ամսագրում մեր նախագահի վերաբերյալ հրապարակումը, որտեղ հավատքի, սրբության և արժեքների հանդեպ որևէ հարգանք չկա, նրանք պարզապես ցույց են տալիս իրենց սեփական գռեհկությունը և անբարոյականությունը: Անձնական իրավունքների վրա հարձակումը հումորի և արտահայտվելու ազատություն չէ», - Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի ամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Դատապարտող հայտարարություններ են արել նաև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ:

Անկարայի դատախազությունը հետախուզություն է սկսել ֆրանսիական երգիծական ամսագրի խմբագրակազմի նկատմամբ՝ Թուրքիայի նախագահին վիրավորելու համար:

Թուրք-ֆրանսիական հարաբերությունները լարվեցին անցած շաբաթ, երբ Էրդողանն իր ելույթում վիրավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, որին ի պատասխան Փարիզը Թուրքիայից անմիջապես հետ կանչեց իր դեսպանին խորհրդատվությունների նպատակով: Դիվանագիտական լարվածությունը թուլանալու միտումներ չունի, ընդհակառակը՝ Էրդողանը կրկնել է իր վիրավորանքը և կոչ արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Նման զարգացումները կարող են ոչ միայն երգիծական, այլ ավելի լուրջ հետևանքներ ունենալ:

Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու Էրդողանի կոչը Եվրամիությունը գնահատում է Թուրքիայի հետ գոյություն ունեցող ազատ առևտրի համաձայնագրի խախտում և դիտարկվում է պատասխան քայլերի հնարավորությունը:

Ըստ Politiko հանդեսի, եվրոպացի մի շարք գործիչներ առաջարկում են սառեցնել Թուրքիայի հետ Մաքսային միության համաձայնագիրը, սակայն ավելի հավանական է համարվում կոնկրետ ոլորտներում թիրախային և հասցեական պատասխանները:

Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը Բրյուսելի ակնկալվող քայլերը չի մեկնաբանել, բայց նշել է, որ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու Էրդողանի կոչը խարխլել է քաղաքական բարի կամքը, որի վրա հիմնված է Եվրամիություն- Թուրքիա ազատ առևտուրը:

Անկարայի հետ Եվրամիության համաձայնագրերը ենթադրում են ազատ առևտուր, երկկողմ պարտավորությունները, որը Թուրքիան ստանձնել է այդ համաձայնագրերով ամբողջությամբ պետք է կատարվեն, ասել է ԵՄ գործադիր մարմնի, Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը:

ԵՄ-ի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր կան՝ Ասոցացման համաձայնագիրը, Մաքսային միության համաձայնագիրը, ինչպես նաև ազատ առևտրի պայմանագրեր, գյուղատնտեսական ապրանքների, քարածխի և պողպատի ոլորտներում:

Եվրախորհրդարանի պատգամավորները ավելի խիստ են տրամադրված, մասնավորապես, Հունաստանի և Կիպրոսի ներկայացուցիչները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Անկարայի հանդեպ Արևելյան միջերկրականում հետազոտական աշխատանքները շարունակելու համար: Նրանք պահանջում են ամբողջովին սառեցնել Թուրքիայի հետ Մաքսային համաձայնության պայմանագիրը:

«Թուրքիան զենք է սարքել միգրացիան, հիմա էլ առևտուրը, էլ ի՞նչ պետք է անի, որ մենք գործողությունների դիմենք: մենք պետք է դադարեցնենք Մաքսային միությունը, մենք չենք պատրաստվում առևտուր անել որևէ մեկի հետ, ով շանտաժի է ենթարկում և բոյկոտում մեզ», - հայտարարել է Եվրախորհրդարանի առևրի փոխնախագահ Աննա-Միշել Ասիմակոպուլուն։

Միաժամանակ նա խոստովանել է, որ Թուրքիայի հետ Մաքսային միության համաձայնագիրը սառեցնելու նախաձեռնությունը դժվար թե պաշտպանեն Եվրամիության մյուս երկրները, որոնք լուրջ ներդրումներ ունեն Թուրքիայում:

Այս խոսքերը ասես հաստատել է Առևտի հանձնաժողովի նախագահ, գերմանացի պատգամավոր Բերնդ Լենգը, ասելով, թե դեմ է Թուրքիայի հետ համագործակցության լիովին խզմանը։ Նա նշել է, որ Եվրամիությունը տնտեսական ինտենսիվ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ներառյալ մեքենաներ արտադրող շատ ընկերություններ տեղում արտադրամասեր ունեն։

Գերմանացի պատգամավորն ասել է, թե Թուրքիայի հետ առևտուրը խզելը կնշանակի «կրակել սեփական ոտքի վա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG