Մատչելիության հղումներ

Գրիգոր Ջանիկյանը վայրկյան իսկ չի կասկածում, որ արցախյան հիմնախնդիրն իր արդար լուծումն է գտնելու թե՛ մարտադաշտում, թե՛ միջազգային ասպարեզում


Արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյան
Արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյան

Արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը  90-ականների արցախյան գոյամարտի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ է  և հիմա էլ, բնականաբար, շարունակում է գրել այսօրվա գոյամարտի մասին:

Երկար տարիներ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագրակազմում աշխատելիս չի դադարել հիանալ հայ զինորի՝ հայրենիքի սահմանը ինքնազոհողաբար, սեփական կյանքի գնով պաշտպանելու աներկբա վճռականությամբ: Գրիգոր Ջանիկյանի համոզմամբ, հատկապես այսօր հայ զինվորի աննկուն ոգին փոխանցվել է աշխարհասփյուռ ողջ հայ ժողովրդին, որն ամեն օր ականատեսն է մարտադաշտում հայ զինվորների ու սպաների աներևակայելի սխրանքներին:

«Ազատության» հետ զրույցում Ջանիկյանը շեշտում էր, որ վայրկյան անգան չի կասկածում, որ պատմական անցյալից ժառանգած արցախյան հիմնախնդիրն իր արդար լուծումն է գտնելու թե՛ մարտադաշտում, թե՛ միջազգային ասպարեզում․ - «Այս օրհասական պահին, երբ մեր լավագույն զավակների արյունն է մատաղվում հանուն մեր սրբության սրբոցի՝ հայրենի հողի, ընդվզումն այդ անարդությունների դեմ, պատմական ճշմարտությունը վերականգնելու կամքը, անցյալի ճակատագրական սխալները կանխելու վճռականությունը, ես յուրաքանչյուր նահատակվողի հետ գերեզման եմ իջնում ու հարություն եմ առնում, որովհետև հարություն է առնում յուրաքանչյուր նահատակ, որպեսզի մաքառումը շարունակի, հաղթանակի ճիշտ ժամանակին։ Ահա հայի ու հայության հավերժության խորհուրդը։ Քո ոգուն մեռնեմ, հայ ժողովուրդ ջան, ոգուն և ոչ թե հոգուն, դու արդար ես, քո արդարամտությամբ ու հայրենանվիրությամբ հավերժ ես, դու հաղթելու ես։ Ես ոչ թե կարծում եմ, միանշանակ վստահ եմ ու հավատում եմ, որ հաղթելու է ճշմարտությունը, պատմական արդարությունը։ Մենք հաղթել ենք, այսուհետև միշտ հաղթելու ենք, ու հաղթանակը միշտ մերն է լինելու»։

Խոսելով այս օրերին գրողի, գրականության դերի մասին՝ Ջանիկյանն ասաց․ - «Այս օրերին և միշտ գրականությունը դեր ունի։ Հայկական բանակի հերոսամարտը լուսաբանեմ եմ 1992 թվականից և գիտեմ, որ հայ զինվորները, ազատամարտիկները առաջին պատերազմում ոգեշնչվում էին հայ դասական գրականության լավագույն կերպարներով, իրենց ջոկատները հենց այդպես էլ կոչվում էին։ Հիմա նույն ոգին շարունակվում է։ Հայ ժողովուրդը հզորանում է գրականության ներշնչած ոգով։ Դրա վկայությունը մեր հանճարեղ գլուխգործոցներն են, հատկապես պատմավեպերը»։

XS
SM
MD
LG