Թուրքիայում Ամերիայի Միացյալ Նահանգների դեսպանությունն այսօր տարածել է նախազգուշացում ահաբեկչական գրոհի վտանգի մասին:
Համաձայն այդ հաղորդագրության, «դեսպանությունը ստացել է արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ Ստամբուլում հնարավոր են ահաբեկչական հարձակումներ ԱՄՆ քաղաքացիների և այլ օտարերկրացիների վրա: Մասնավորապես, հարձակման կարող է ենթարկվել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանը: Չի բացառվում, որ կարող են լինել նաև այլ թիրախներ»:
Դեսպանությունը Թուրքիայոում գտնվող Միացյալ Նահանգների բոլոր քաղաքացիներին կոչ է անում դրսևորել առավելագույն զգոնություն այն վայրերում, որոնք հաճախ այցելում են ամերիկացիները և այլ օտարերկրացիներ: Հնարավոր թիրախների շարքում են խոշոր հիմնարկների շենքերը և առևտրի կենտրոնները:
Թուրքիայում վիզայի տրամադրման ծառայություն մատուցող բոլոր ամերիկյան հիմնարկները՝ Անկարայում դեսպանությունը, Ստամբուլում գլխավոր հյուպատոսարանը, Ադանայում և Իզմիրում հյուպատոսարանները ժամանակավոր փակվում են: