Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը և Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն այսօր հայտարարել են, որ անհրաժեշտ է օտարերկրացի վարձկաններին անհապաղ հեռացնել Լեռնային Ղարաբաղից:
Ռուսաստանի արտգործնախարարությունից ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել են, որ Սիրոմոլոտովն ու Տողանյանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ:
«Փոխնախարարը և դեսպանն ընդգծել են, որ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ապօրինի զինված խմբավորումների փոխադրումը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատ անընդունելի է, այն պետք է կասեցվի, իսկ գրոհայինները պետք է անհապաղ հեռացվեն», - հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: