Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ փաստաթղթին կողմ է քվեարկել օրենսդիրների բացարձակ մեծամասնությունը՝ 61 պատգամավոր, դեմ են եղել 2-ը:
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները։
Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել են նաև Ամերիկայի 9 նահանգներ՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Ջորջիա, Հավայի, Միչիգան,Կոլորադո, Լուիզիանա և Կալիֆորնիա։
Վերջին օրերին մի շարք հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջ է բերում անջատում հանուն փրկության թեզը՝ դիտարկելով այն որպես Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին վերջ տալու միջոց։ «Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս, արևելք և դեպի հարավ-արևելք ընդլայնման համար», - իտալական «Կորիերե դելլա Սերա»-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։