Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 12 տոկոսը, ըստ հարցման, պատերազմում համակրում է Հայաստանին, 2 տոկոսը՝ Ադրբեջանին, 71 տոկոսը չեզոք է


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտական դիրքում, 20-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտական դիրքում, 20-ը հոկտեմբերի, 2020թ.

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը տեղյակ է Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին, սակայն նրանց գերակշիռ մասը հակամարտող կողմերից և ոչ մեկին չի համակրում։ Դա են վկայում Մոսկվայում գործող «Հասարակական կարծիք» հիմնադրամի երեկ հրապարակված հետազոտության տվյալները։

Ռուսաստանյան ամենախոշոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի տվյալներով` ռուսաստանցիների 71 տոկոսը ղարաբաղյան պատերազմի ընթացքում ոչ հայերի կողմից է, ոչ էլ ադրբեջանցիների։ Հարցվածների 12 տոկոսը համակրում է Հայաստանին, և ընդամենը 2 տոկոսը՝ Ադրբեջանին։

Մոսկվացի սոցիոլոգները նաև փորձել են պարզել, թե պատերազմող կողմերից որ մեկն է, ըստ Ռուսաստանի բնակիչների, մեղավոր ռազմական գործողությունների մեկնարկի համար։ Այստեղ ևս, ռուսաստանցիների զգալի մասը գերադասում է հայերի և ադրբեջանցիների միջև հավասարության նշան դնել։

«Հարցվածների 41 տոկոսի համոզմամբ՝ պատերազմական գործողությունների վերսկսման համար հավասարապես մեղավոր են թե՛ Երևանը և թե՛ Բաքուն։ Հարցման մասնակիցների 9 տոկոսը վստահ է,որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի, և միայն 2 տոկոսի կարծիքով՝ Հայաստանի մեղքով», - նշում են ռուսաստանցի սոցիոլոգները։

«Հասարակական կարծիք» հիմնադրամի մասնագետները նաև փորձել են պարզել՝ արդյոք Ռուսաստանի քաղաքացիների համոզմամբ, Մոսկվան որևէ կերպ պետք է միջամտի հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Հարցվածների մեծամասնության՝ 59 տոկոսի պատասխանը կտրուկ բացասական է։ Ռուսաստանի բնակիչների 8 տոկոսի համոզմամբ, սակայն, Ռուսաստանը պետք է պաշտպանի Հայաստանին։ Ադրբեջանին միանշանակ աջակցություն ցուցաբերելու օգտին է արտահայտվել հարցման մասնակիցների միայն 1 տոկոսը։

Հարցվածները, որոնք կողմ են հանդես գալիս Հայաստանին աջակցելուն, նման քայլի դիմելու մի քանի պատճառ են մատնանշում՝ հայ-ռուսական բարեկամությունը, այն, որ Ռուսաստանը պարտավոր է օգնել ՀԱՊԿ դաշնակցին, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերը «ռուսների քրիստոնյա եղբայրներն են»։

Իսկ միջամտությանը դեմ արտահայտվող ռուսաստանցիների համոզմամբ՝ Մոսկվան պետք է չեզոք դիրք գրավի, քանի որ օտար պետությունները պետք է ինքնուրույնաբար լուծեն իրենց խնդիրները։ Այս տեսակետին է հակված հարցվածների 20 տոկոսը։ 9 տոկոսի համոզմամբ` Ռուսաստանը պետք է զբաղվի իր ներքին խնդիրների լուծմամբ։ Ռուսաստանցիների 8 տոկոսի կարծիքով էլ, պատերազմող պետություններից մեկին պաշտպանելով՝ Մոսկվան կփչացնի հարաբերությունները հակառակ կողմի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG