Մի խումբ սրտացավ մարդիկ հենց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարակից տարածքում Արծվիկի ընտանիքի համար տուն են վարձակալել, որովհետև փոքրիկը դեռ պետք է բժիշկների հսկողության տակ մնա։
Արծվիկի հայրը՝ 42-ամյա Իգոր Գևորգյանը, ապրած տարիների գրեթե կեսը Արցախում զինվորական ծառայության մեջ է անցկացրել։ Պատերազմի առաջին օրերին երկնքից թափվող արկերից 9-ամյա դուստրը տեղում մահացել է, մյուս 3 երեխաներին, կնոջը, մորն ու եղբոր ընտանիքին մի կերպ, մազապուրծ հասցրել է Երևան, գրեթե բոլորն էլ վնասվածքներ ունեն։
Երբ 2-ամյա որդին ամբողջությամբ ապաքինվի, ավագ ենթասպան գնալու է ռազմաճակատ․ - «Մենակ հաղթանակը։ Ճիշտ ա, թեկուզ երեխա եմ կորցրել, էս երկուսն էլ վիրավոր, իմ միակ մտածելակերպս էդ ա։ Ես էլ էի վիրավոր, պրոստո ես իմ ձեռով հանեցի իմ գլխիս ասկոլկեքը․․․ Ես չեմ կարա ստեղ մնամ, իմ ծառայությանը պիտի գնամ․․․ Հերս էլ էր էն ժամանակ կռվում զոհվել։ Հիմի իրանց արարքը թողնենք, մենք ստեղ նստենք՝ ի՞նչ․․․»
Հոր ու եղբոր հետ կարտոֆիլի դաշտ գնալու ճանապարհին ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածներից ծանր վիրավորումներ ստացած վարդենիսցի 14-ամյա Նարեկ Արզոյանն արդեն ինքնուրույն է քայլում, ողջ օրը հեռախոսով սահմանի լուրերին է հետևում։ Բեկորը դեռ մարմնի մեջ է, բժիշկներն ասել են, որ այս պահին դեռ վիրահատել պետք չէ։ Մեջքի ցավերը դեռ երբեմն զգացնել են տալիս, բայց գոհ է՝ բժիշկներն իրեն ոտքի են կանգնեցրել։
Իր հետ պատահածը, ասում է, դեռ երկար կհիշի, հարվածային ԱԹՍ-ի պայթյունի ձայնը դեռ ականջներում է․ - «Հենց որ էդ տրաքեց, գոտատեղիցս ներքև անզգայացավ, ոնց որ ուռեր ոտքերս, չէի զգում։ Ու չէի կարա շնչեի։ Հետո պապային ասեցի, որ չեմ կարա քայլեմ, ձեռքերով ինձ քաշեցի-գցեցի էդ փոսը, հետո պապան էկավ, որ ինձ տանի, ասեցի՝ պապ, մեջքս ցավում ա։ Բացին, տեսան ծակվել ա։ Մի պահ մտածեցի կարող ա էլ չկարանամ ես ապրեմ, բայց լավ ա․․․ ապրեցի»։
Արցախից անգիտակից վիճակում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվված 13-ամյա Ռոբերտ Գևորգյանը 5 օր կոմայի մեջ է եղել, վիրահատությունից հետո 20 օր վերակենդանացման բաժանմունքում է մնացել։ Ռմբակոծությունից փախչելիս ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, գլորվել են ձորը, բոլոր ուղևորները՝ ինքը, մայրը, հորեղբայրն ու զարմիկը վիրավորվել են, բայց ամենածանրն իր վիճակն է եղել։ ԱԹՍ-ի հարվածից ձեռքի երկու մատները կորցրել է։ Առջևում դեռ մեկ վիրահատություն էլ ունի, երկար կտևի նաև վերականգնողական բուժումը։ Այսօր արդեն, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն։ Թեկուզ շշուկով՝ բայց արդեն սկսել է խոսել, ասաց, որ տուն է ուզում՝ տատիկի մոտ։
ԱԹՍ-ի հարվածից ձորը գլորված մեքենայում եղած Ռոբերտի մոր՝ Սրբուհի Հայրապետյանի թևն են վիրահատել են։ Նա ասաց, որ հույս չի ունեցել, թե որդին կապրի։ Բժիշկների համառ պայքարը, ասում է, հրաշքներ գործեց․ - «Հույս չկար։ Ես որ էրեխուս տեսել էի, ինքը արդեն չէր էլ շնչում․․․ Էդ նկարագրելու բան չի»։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանի խոսքով, հիվանդանոց ընդունված երեք անչափահասներն էլ ծանր վիճակում են եղել։
Ամենածանրը 13-ամյա Ռոբերտի վիճակն է եղել․ - «Ծանր գանգուղեղային վնասվածքից և ուղեղի ծանր սալջարդից ու հեմատոմայից հետո մեր բժիշկները կարողացան երեխային դուրս բերել այդ վիճակից։ Մյուս երեխան Արծվիկն էր, որը հայտնի է նաև նկարներով, որը ժպտում էր վիրահատությունից հետո։ Երեխան ուներ գլխի շրջանում մեծ լաթաձև վերք, որը մշակվել է վիրաբուժական ձևով և փակվել։ Եվ երրորդ երեխան, որը ընդունվել է մեզ մոտ, դա Նարեկն է, որը բերվել էր Վարդենիսից։ Բեկորը ձախ կրծքավանդակից մտել էր, վնասել էր թոքը, անցել էր ողնաշարի հետևով՝ բարեբախտաբար չվնասելով այն, այնուհետև նորից մտել էր կրծքավանդակի աջ կեսը, վնասել աջ թոքը և կանգ էր առել կողի մոտ»։
Առաջիկա օրերին երկու տղաները նույնպես դուրս կգրվեն։