Հայաստանի նախագահի համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն չկա: Այդ մասին Արմեն Սարգսյանը հայտարարել է France-24-ին տված հարցազրույցում:
Նման անհրաժեշտության մասին լրագրողի հարցին Սարգսյանն արձագանքել է. - «Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի»:
«Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային», - ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Սարգսյանը:
«Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում», - նաև ասել է Հայաստանի նախագահը: