Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր սկսեց քննել կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գրավով ազատ արձակելու փաստաբանների դիմումը։ Նիստը, սակայն, հետաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը նիստից հետո ասաց, որ դատավորը փաստաթղթեր է խնդրել իրենց միջնորդությունը քննարկելու համար։ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։
Նրան կալանավորելու որոշում է կայացրել հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն այսօր քննում է նրան գրավից ազատ արձակելու հարցը։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ ամիսներ առաջ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված մեծահարուստ Ծառուկյանի փաստաբանները գրավի չափ չեն նշում՝ դա թողել են դատարանի հայեցողությանը։ Փաստաբաններն ու Ծառուկյանի թիմակիցները շարունակում են պնդել, որ հատկապես պատերազմական այս օրերին Ծառուկյանը պետք է գտնվի ազատության մեջ, որպեսզի ավելի մեծ չափով կարողանա աջակցել զինված ուժերին և օգտագործի միջազգային կապերն Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած այս ռազմական գործողությունները հրապարակայնացնելու համար։
Ծառուկյանը պահվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Այսօրվա նիստին չէր մասնակցում։
Երկու շաբաթ առաջ էլ Վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը նրան կալանավորելու մասին։ Դատախազությունը պնդում է, որ ազդեցության լայն լծակներ ունեցող Ծառուկյանն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, որի շրջանակում մոտ 2 տասնյակ մեղադրյալներ կան։ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։