ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում կրկին դռնփակ հանդիպում կանցկացնի ղարաբաղյան խնդրի շուրջ։
Այս անգամ քննարկումը նախաձեռնել են Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։
Անվտանգության խորհուրդը խնդրին անդրադարձել էր նաև անցած ամսվա վերջին՝ Ղարաբաղում պատերազմի վերսկսումից մի քանի օր անց, եվրոպական հինգ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Բելգիայի նախաձեռնությամբ։ Դռնփակ այդ խորհրդակցության ավարտին Անվտանգության խորհրդի անդամները կոչ էին արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ կառուցողական բանակցությունների։