Մատչելիության հղումներ

Ըստ Վահագն Թևոսյանի` 13 կուսակցությունների առաջարկը հակասահմանադրական է


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյան, արխիվ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյան, արխիվ

Հայտարարությունն ընդունվել է ի գիտություն, միայն այսքանն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի՝ 13 կուսակցությունների անունից արված հայտարարությանը՝ օպերատիվ շտաբ ստեղծելու և այդ հատուկ մարմնին որոշումներ ընդունելու իրավասություններով օժտելու առաջարկին։

Հայտարարությանը միացած կուսակցություններից են ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, նորաստեղծ «Հայրենիքը», որը ղեկավարում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրանց հայտարարության երկրորդ կետի համաձայն` որոշումներ կայացնող շտաբի անդամ պետք է լինեն Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահները, վարչապետները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձինք:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն ասում է՝ 13 կուսակցությունների առաջարկը հակասահմանադրական է. - «Դրա մեջ սահմանադրական կարգի տապալման նյուանսներ եմ տեսնում, եթե նույնիսկ նման մտադրություն և դիտավորություն ի սկզբանե չի եղել: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ ռազմաքաղաքական իշխանությունն իր գործն անում է լավ, և նման մարմնի գոյության կարիք, բացի այն, որ ինքը համասահմանադրական է, ընդհանրապես չկա: Բայց ես կարծում եմ, որ այդ կուսակցությունները, բնականաբար, կարող են որոշակի խորհրդատվական ծառայություն մատուցել, եթե կարծում են, որ դրա կարիքը կա, այլ մեխանիզմներով: Նման որոշումներ կայացնելու հնարավորությամբ օժտված մարմնի ստեղծումը հակասահմանադրական է և առավել ևս ռազմական դրության ժամանակ շատ վտանգավոր»:

Այդ թվում նախկին նախագահների մասնակցությամբ շտաբ ստեղծելու մասին առաջարկից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը երեկ` հոկտեմբերի 17-ին, հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում։ Այսօր արդեն առաջին նախագահն արձագանքել է 13 կուսակցությունների հայտարարությանը:

«Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Պատերազմական և ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»։

Նախաձեռնությանը հրապարակային արձագանքել է նաև 1998-ից 1999 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Դարբինյանը` իր թվիթերյան էջում գրելով. «13 կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև վնասակար: Երկիրը ունի ղեկավար, որը ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար: Եթե գտնի նպատակահարմար՝ կխորհրդակցի ում հետ կուզի: Որպես նախկին վարչապետ հրաժարվում եմ մասնակցել որևէ նման ֆորմատի»։

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն «Ազատությանը» փոխանցեց` պաշտոնական արձագանք իրենց առաջարկին դեռ չունեն, իսկ միացողների հետ կապված շեշտեց` հայտարարությունը բաց է ստորագրման համար։ Ինչ վերաբերում է քննադատություններին, փոխանցեց` այդ մարդիկ ուղղակի չեն հասկացել, թե իրենք ինչ են առաջարկում, բայց և մանրամասնել չցանկացավ։

XS
SM
MD
LG