Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը կոչով է դիմել Եվրամիության դատական խորհուրդների միությանը:
«Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և դատապարտելի իրադարձությունների մասին, որոնք ներկայումս ծավալվում են Արցախում (Լեռնային Ղարաբաղում), քանի որ դրանք աննախադեպ են մինչ այժմ մարդկության կողմից ընդունված և մարդկային քաղաքակիրթ գոյությունն ապահովող միջազգային իրավունքի նորմերի խախտումների ծավալներով, կոպտությամբ և դրսևորման ցինիզմով», - ասված է նամակի մեջ։
Ըստ կառույցի մամուլի ծառայության հաղորդագրության` ԲԽԴ-ն շեշտում է, որ Թուրքիայի լիարժեք աջակցությամբ`Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից նախօրոք պլանավորված լայնածավալ ռազմական ագրեսիայի «սանձազերծումը հետապնդում է հստակ ցեղասպան նպատակներ»: «Աշխարհի աչքի առջև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերով արգելված զինատեսակներ, նենգաբար ավերվում են քաղաքներ, ոչնչացվում են մշակութային օբյեկտներ, զոհվում են անզեն մարդիկ, կանայք ու երեխաներ. փաստեր, որոնց ապացույցներն ակնհայտ են և անհերքելի։ Ադրբեջանի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն (կառուցված 1887թ.)` պատճառելով զգալի վնասներ, որից տուժել են խաղաղ բնակչությունը և իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներ:
Միջազգային հանրության կողմից արդեն հաստատվել է, որ այս վայրագությունները իրականացվում են հիմնականում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկանների միջոցով, որոնք ակնհայտորեն գործում են Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության հովանավորչությամբ։
Ահաբեկչությունը չունի ազգային, կրոնական, սոցիալական նկարագիր, ահաբեկչության դեմ պայքարն առաջնահերթություն է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այդուհանդերձ, ահաբեկչությունից ապահովագրված չէ և ոչ մի երկիր։ Դատական իշխանություններն ամբողջ Եվրոպայում կարևոր դերակատարություն ունեն ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարում:
Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները ողջ Եվրոպայում չպետք է լուռ դիտորդի կարգավիճակով հետևեն թուրք-ադրբեջանական միլիտարիստների կողմից եվրոպական ընտանիքի մաս հանդիսացող հայ ազգի և նրա կողմից հազարամյակների ընթացքում ձևավորած եզակի մշակութային ժառանգության ոչնչացման անթաքույց փորձին», - նշում է ԲԴԽ-ն:
Ըստ Բարձրագույն դատական խորհրդի` այլևս ակնհայտ է, որ այս փոքր տարածքում ահաբեկչության հաղթանակը հղի է վտանգավոր հետևանքներով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
«Կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ձեր ներդրումն ունենալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում», - ասված է հայտարարության մեջ: