Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հայտարարել է արդեն 604 զոհերի մասին


Պաշտպանության բանակն այսօր հրապարակեց ղարաբաղյան հակամարտության գոտում զոհված ևս 49 զինծառայողի անուն, պատերազմի 19-րդ օրը հայկական կողմը հայտարարել է արդեն 604 զոհերի մասին։ Ադրբեջանը մինչ օրս զինվորական զոհերի մասին որևէ տվյալ չի հաղորդում՝ դա համարելով ռազմական գաղտնիք։

Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա հայկական կողմի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածություն է եղել, իսկ առավոտյան հյուսիսային և հարավ-արևելյան ուղղություններով Ադրբեջանը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Այդ ուղղություններով և հատկապես հարավում այսօր թեժ մարտեր են եղել:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը Թվիթերում գրել է, որ հայկական ուժերը շարունակում են հարվածները Թարթար, Աղջաբադի, Աղդամ և այլ տարածքների ուղղությամբ։

Երեկ Ադրբեջանի կողմից թիրախավորվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։ Այդ մասին երեկ խոսել է նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը. - «Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են հոսպիտալներից մեկը, ինչը մեծ հաշվով մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում, և տեսնեն, թե ինչպես են բուժհիմնարկությունները ևս թիրախավորվում, չնայած մեզ համար դա բոլորովին զարմանալի չէ, որովհետև մենք տեսել ենք դա մի քանի անգամ իրենց կողմից: Եթե թիրախավորվում է եկեղեցին, նույն ձև կթիրախավորվի նաև հիվանդանոցը և հոսպիտալը»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` երեկ թիրախավորվել է նաև Հայաստանի տարածքը: Ադրբեջանը չի հերքել դա. - «Թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը, հատուկ ուզում ենք շեշտել, լեգիտիմիզացնում է Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան պատասխան քայլերը և թիրախավորումը նմանատիպ ռազմական նշանակության թիրախների Ադրբեջանի տարածքում»:

Չնայած Ադրբեջանը չի թաքցնում, որ հարված է հասցրել Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն ՀԱՊԿ-ը դեռ որևէ կերպ չի արձագանքել: Այսօր ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն է Մինսկում հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, և ըստ ռուսական լրատվամիջոցների` հանդիպման ընթացքում նաև «ակտիվորեն քննարկվել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցը»։

Արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ին պատրաստվում է դիմել, վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի խոսքով` Հայաստանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության մասին փաստերը հավաքվում են, և երբ կայացվի նման քաղաքական որոշում, Հայաստանը կդիմի. - «Հայաստանի Հանրապետության վարչապետն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ներառյալ ՀԱՊԿ, և այն, ինչ որ մենք հիմա լսում ենք, այն նյութերն են, որ նախապատրաստվում են: Երբ որ կընդունվի որոշում ռազմաքաղաքական իշխանության կողմից, այդ որոշումը կհայտարարվի»:

Իսկ ի՞նչ վիճակում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, այս պատերազմում ամենամեծ վտանգը հենց օդից է գալիս։ Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանն ասաց՝ Ադրբեջանը հարվածներ հասցրել է հակաօդային պաշտպանությանը, վնասների մասին չեն կարող ասել, սակայն, որքանով է ՀՕՊ-ն արդյունավետ, ցույց է տալիս Ադրբեջանի խոցված օդային տեխնիկան, որից մեկը ՝ ՍՈւ -25 գրոհիչ ինքնաթիռը, ըստ Մովսեսյանի, խոցվել է այսօրվա ասուլիսի մեկնարկից րոպեներ առաջ։ Ադրբեջանը հերքել է այս տեղեկությունը. - «Հարվածներ եղել են, ես իմ ելույթում նշեցի, որ երկու անգամ հարված է եղել, կորուստներին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դրանք կարող են վնասել մեր համակարգի գործունեությանը, ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին` համակարգեր անհրաժեշտ են, թե անհրաժեշտ չեն, պետք է փաստեմ, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, որպեսզի հակաօդային պաշտպանությունը լինի ինքնաբավ, կարողանա կատարի օդային սահմանների պահպանության և պաշտպանության մարտական խնդիրները»:

Այսօր ռազմական ոլորտի ներկայացուցիչները ներկայացրին բազմաթիվ ապացույցներ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանը պնդեց՝ Թուրքիան է ծրագրել պատերազմը, հյուսիսից հարվածով թուրք-ադրբեջանական և նրանց աջակցող ահաբեկչական ուժերը ցանկանում են Արցախը Հայաստանից կտրել, շրջափակել, իսկ հարավից հարվածով ցանկանում են հասնել Մեղրի ու ապա կապ ստեղծել Նախիջևանի հետ, դա նրանց չի հաջողվում. - «Այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում, հետապնդում է Թուրքիայի շահերի նեոօսմանիզմի գաղափարախոսության իրականացմանը», - նշեց Հարությունյանը:

Այսօր Հայաստանի արտգործնախարարն է Թվիթերում գրառում արել` ևս մեկ անգամ փաստելով, որ հոկտեմբերի 10-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված համատեղ հայտարարությունից 5 օր անց Ադրբեջանը տորպեդահարում է դրա իրականացումը: «Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմը Արցախի դեմ», - գրել է Զոհրաբ Մնացականյանը:

XS
SM
MD
LG