Սոնա Եպիսկոպոսյանի տանը առավոտից մինչև կեսգիշեր արտադրական եռուզեռ է՝ հերթափոխով քողարկող ցանցեր են պատրաստում։ Սոնան համացանցից էր իմացել, որ բանակին նման ցանցեր են անհրաժեշտ․ - «Սկզբից մտածում էի, որ կգնամ ինչ-որ տեղ՝ մտածելով, որ էնտեղ են անում, բայց հետո հասկացանք, որ մեր բնակարանն էլ կարելի է օգտագործել օգնելու համար, որոշեցինք, որ կարելի ա էստեղ հավաքվել։ Ես սկսեցի իմ ընկեներին կանչել, համադասարանցիներին, համակուրսեցիներին»։
Գրեթե քառորդ դար արտասահմանում ապրած ու հեղափոխությունից հետո հայրենադարձված Սոնայենց տունն իրական արտադրամասի է վերածվել։ Կատակում են՝ շուտով նաև հաստոցներ կստանան, իսկ մինչ այդ վերջերս գնված պինգ-պոնգի սեղանն է նաև աշխատանքին ծառայում, իրենք էլ իրենց հնարամտությամբ ու մի քանի օրվա փորձով գործարանայինին մոտ արտադրանք են փորձում ստանալ։
Նախաձեռնության հեղինակ Դավիթն ասում է, որ մինչև գործը սկսելը, մանրակրկիտ ծանոթացել են ցանցի պատրաստման տեխնոլոգիային։․ - «Կամուֆլյաժի այս կտորները կտրվում են իրանց ճիշտ ձևով։ Մի քանի ձև կա կտրտելու, բոլոր ձևերը պահպանելով անում ենք»։
Հարցին, թե ինչու են պատրաստում, եթե կարելի է գնել գործարանային արտադրանքը, Դավիթը պատասխանեց, որ ուսումնասիրել են շուկան ու պարզել, որ գործարանայինի գները մի քանի անգամ բարձր են, իրենց արտադրածը գրեթե ոչնչով չի զիջում դրանց ու ավելի մատչելի է՝ հենց նաև կամավորների շնորհիվ։
Իսկ նման փոքր արտադրամասեր ոչ միայն Երևանում, այլև մարզերում են բացվում։ Դավթի խոսքով՝ կամավորների թիվն օր-օրի է ավելանում․ - «Էրեկ Բանգլադեշում բացեցինք, այսօր արդեն գնում ենք Սարյանի վրա մի կրթահամալիր, որտեղ լրիվ ինքնակազմակերպվել են, պիտի էս ամեն ինչը տանենք, սկսեն անել։ Մարզերից կա արդեն պահանջ, Գյումրիում կա մի խումբ, որ ամբողջական կամավորներով կա, գնում ենք էնտեղ վաղը»։
Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում գրեթե լսարան չկա, որ զբաղված չէ․ ուսանողները՝ դասախոսների անմիջական օգնությամբ ու հսկողությամբ, դասի փոխարեն քնապարկերի արտադրությամբ են զբաղված։
«Յուրաքանչյուր արհեստանոցում տարբեր քանակության կարի մեքենաներ ունենք, որտեղ տարբեր պրոցեսներ են կատարվում։ Մենք շղթայական արտադրության ենք վերածել, յուրաքանչյուր լսարանում մի պրոցեսի համար են պատասխանատու՝ դասախոսի ներակայությամբ, դասախոսի աջակցությամբ», - ասաց դասախոս Հռիփսիմե Մարոնյանը։
Փոքր արհեստանոցների վերածված լսարաններում մի տեղում գծագրում, ձևում, կտրում են, մեկ այլ տեղ էլ քնապարակը վերջնական տեսքի են բերում։
Արդեն արտադրական գործընթացում ամեն մեկն իր գործառույթն ունի․ փայտի գեղարվեստական մշակման դասախոսը հիմա մեխանիկ է, կարի մեքենաներն է նորոգում, տղամարդ դասախոսների մի մասն էլ քնապարկերի փաթեթավորմանն ու պահեստավորմանն է օգնում։ Ասում են՝ պարապ մարդ չի մնացել, իսկ կամավոր աշխատանքը դասերին զուգահեռ են անում։
«Կարելու ընթացքում բոլորս մտածում ենք, որ էնպես անենք, ճիշտ անենք, արագ, բայց նաև մտածում ենք, որ այս կարածները պետք չգա», - ասաց ուսանող Լուսինե Սիմոնյանը։
Ամեն ինչ բծախնդրորեն են անում՝ գործարանայինին մոտ։ Ուսանողները կատակում են՝ դեռ սեփական ապրանքանիշը չունեն, փոխարենն իրենց արտադրած քնապարկերը տարբերել կարելի է բարձր որակով ու իրենց երկտողերով՝ «Քեզ տաք պահի, չմրսես», «Հաղթելու ենք»։