Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Այդ մասին տեղեկացնում է նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Երեկ Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու արտգործնախարարների քննարկման հիմնական թեման ղարաբաղյան խնդրի կարգավորումն էր։
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդակցությունները, որի արդյունքում կողմերը հումանիտար հրադադարի մասին կարճ փաստաթուղթ են ստորագրել: Փաստաթղթում այդ թվում նշված է, որ կողմերը համաձայն են սկսել սուբստանտիվ, այսինքն` բովանդակային բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։