Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նախատեսված է նաև նրա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Պատերազմը, սակայն, փոխել է Մնացականյանի մոսկովյան այցի օրակարգը․ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կքննարկի Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն Լավրովի, այլ նաև ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ։
Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Երեկ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները Բայրամովի հետ զրուցել են հեռախոսով։ Կշարունակվե՞ն արդյոք բանակցությունները եռակողմ ձևաչափով, և արդյո՞ք Բայրամովը նույնպես կժամանի Մոսկվա, այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Հայտնի է միայն, որ Մնացականյանը Մոսկվայում կլինի մինչև հոկտեմբերի 14-ը։
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում անցել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդակցությունները, որի արդյունքում կողմերը հումանիտար հրադադարի մասին կարճ փաստաթուղթ են ստորագրել։ Փաստաթղթում նշված է, որ կողմերը համաձայնել են սկսել բովանդակային բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։
Երեկ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան որոշ մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 9-ի բանակցություններից։ Նա, մանսավորապես, ասել էր, որ շուրջ 11 ժամ տևած բանակցությունների ժամանակ կողմերը կարճ ընդմիջումներ են ունեցել, այդ թվում՝ որոշ փաստաթղթեր են տպել։