Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար, և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում» իր ելույթում:
Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում է 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:
Ղարաբաղյան հակամարտության գոտում 13 օր շարունակվող պատերազմական գործողություններում հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հրավերով և արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: