Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա֊Ֆիլիպ Շամպանը թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:
Ավելի ուշ, լրագրողներին ներկայացնելով այդ զրույցի մանրամասները, Շամպանն ասել է, թե Չավուշօղուն ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը:
«Թուրքիայի արտգործնախարարը ընդունեց, որ այս հակամատությունը ռազմական լուծում չունի, որ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է», - ասել է Կանադայի արտգործնախարարը:
Շամպանը տեղեկացրել է, որ առաջիկա կիրակի օրը մեկնելու է Եվրոպա` այս հարցի շուրջ դաշնակիցների հետ հանդիպման: Թե հատկապես որ երկրների` դեռ չի հաղորդվում:
Ավելի վաղ պաշտոնական Օտտավան սառեցրել էր մի շարք ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը Անկարային, որոնք, ըստ հաղորդումների, տեղադրվել էին անօդաչու թռչող սարքերի վրա և օգտագործվել Ղարաբաղի դեմ:
Թուրքիան կոշտ քննադատել էր այդ որոշումն ու Կանադային մեղադրել կողմնակալության մեջ: