Պաշտոնական Երևանն ընդունել է Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ հումանիտար դադարի շուրջ բանակցելու առաջարկը․ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա, «Ազատությանը» տեղեկացրեց արտաքին գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Մոսկվայում կկայանան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների խորհրդակցությունները:
Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Կեսգիշերին մոտ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի կոչը՝ մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:
Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում էր` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: