Առավոտյան ժամը 10։00-ից սկսած կրկին սկսվել է ակտիվ հրթիռակոծությունը Ստեփանակերտի ուղղությամբ։ Պարբերաբար հնչում է ՀՕՊ ազդանշանն, ինչը ենթադրում է, որ տարածքում անօդաչու թռչող սարք կա։ Լսվում են պայթյունի ձայներ։
Գիշերը Ստեփանակերտում համեմատաբար խաղաղ է անցել։ Գիշերվա ընթացում երեք անգամ հնչել է օդային տագնապ, լսելի են եղել ընդամենը մի քանի խուլ պայթյունի ձայներ։ Թե ինչ հեռավորության վրա են եղել պայթյունները և ինչ վնասներ են հասցրել Ստեփանակերտին, պարզ կդառնա օրվա ընթացքում, երբ պաշտոնական ամփոփում տեղի ունենա։
Երեկ ավելի ակտիվ հրետակոծվել է Շուշի քաղաքը, վնասվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Մի քանի ժամ տարբերությամբ եկեղեցու վրա երկու հրթիռ է արձակվել։
Երկրորդ հրթիռի արձակման ընթացում տարածքում լրագրողներ են եղել, կան տուժածներ, մեկը ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկն է, նրան երեկ վիրահատել են։
Ըստ պաշտոնական տվյալների, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը Արցախում վիրավորվել է 93 քաղաքացիական բնակիչ, կա 20 զոհ, չհաշված Հայաստանի տարածքում 2 զոհը( Մեծ Մասրիկում, Վարդենիսում ): Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր ենթակառուցվածքներ:
Ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդում է հայկական կողմից հրետակոծությունների մասին, մասնավորապես Բարդայի շրջանում ավերածությունների, ինչպես նաև տուժածների մասին: Ըստ նրանց, Ադրբեջանը մինչ այժմ ունի 31 քաղաքացիական զոհ, 154 վիրավոր, 133 քաղաքացիական օբյեկտ է վնասվել, 928 տուն: