Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 718-ով՝ հասնելով 54 հազար 473-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 202-ով և հասել 45 հազար 312-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 656 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 316 հազար 479-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1004-ի, ևս 302 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 855 մարդ: