«Բոլոր կառույցները գիտեն, թե այս իրավիճակներում, բնակչության պաշտպանության տեսակետից յուրաքանչյուրը ինչ պետք է անի», - Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնօրեն Համլետ Թադևոսյանը ցուցումներ է տալիս, թե ինչպես կարելի է պատսպարվել օդային տագնապի դեպքում․ - «Երբ խոսում ենք «ապաստարան», դա հատուկ կառույցներ են, երբ խոսում ենք «պատսպարան», դրանք թաքստոցներ են։ Ընդ որում, թաքստոցներն էլ տարբեր տեսակներ ունեն»։
Երկրում հաստատված ռազմական դրությունը համապատասխան կառույցներին վաղուց մոռացված ապաստարանները վերանայելու խնդիր է դրել։ Աչքի տակ են առել շենքերի տակ կառուցված ապաստարանները, որոնք հիմնականում աղբով են լցված կամ նկուղների են վերածվել։
Վանաձորում համայնքային իշխանությունները դրանք հնարավորինս կարգի բերելու գործընթաց են սկսել։ Ապաստարանները մաքրելու համար ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Ղամբարյանն ասաց, որ մի քանիսն արդեն մաքրել են, ազատել աղբից․ - «Ով ինչ ունեցել ա ոչ պիտանի, բերել-լցրել ա ըդտեղ։ Ամեն տեղից 2-3 մեքենա աղբ ենք տեղափոխում»։
Մինչդեռ լուրջ խնդիր են դրանց օդափոխության համակարգերը․ - «Հիմա մաքրում ենք [օդափոխության համակարգի խողովակները], որ արտակարգ վիճակ լինի, մարդիկ կարողանան պատսպարվել այստեղ»։
Վանաձորցի Էլմիրա Պետրոսյանը հիշում է, որ տարիներ առաջ իրենց շենքի նկուղային հարկում լիարժեք կահավորված ապաստարան է եղել։ Բայց ժամանակի ընթացքում թալանվել ու աղբանոցի է վերածվել․ - «Շատ նորմալ սարքած է էղել սենյակները։ Երկրաշարժից հետո անտերության ա մատնվել։ Մեջին ահագին պալատկեք ա էղել, քնապարկեր ա էղել, հակագազեր ա էղել․․․ ով գիտի ինչ են արել»։
Պետրոսյանն ասաց, որ ապաստարանը մաքրելու խնդրանքով մշտապես դիմել է քաղաքային իշխանություններին, բայց իր խնդրանքներն անտեսվել են․ - «Պատերա՞զմ պիտի լիներ, որ գային մաքրեին։ Քանի ամիսներ շարունակ գնացել եմ քաղաքապետարան, խնդրել, որ գան, էս մուտքը փակեն․․․ քաղաքային զուգարան էր դառել»։
Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետը բնակչությանը կոչ է անում խուճապի չմատնվել։ Երկրում ռազմական դրություն է, և ամեն ոք պետք է պատրաստ լինի պաշտպանության․ - «Բոլոր բնակիչները ամրակցված են։ Ազգանուն առ ազգանուն կառավարման մարմինները գիտեն, թե որ բնակիչը որտեղ է պատսպարվելու։ Հարկ եղած դեպքում բոլորը կտեղեկացվեն։ Նույնիսկ կարող է ազգանուններով փակցվեն իրենց միջացքներում, թե ով որտեղ պետք է պատսպարվի։ Այնպես որ, պետք չէ խուճապի մատնվել, պետք է պարզապես իմանալ, որ շատ հանգիստ կարելի է պաշտպանվել»։