Ուղիղ երկու ամիս առաջ զորացրված Տիգրանը վարչապետի երեկվա մարտակոչից հետո կրկին որոշել է սահման մեկնել։ Նա ասում է՝ հիմա է իրական պահը՝ ցույց տալու հայրենիքի հանդեպ սերը։
«Լսելով մեր վարչապետի կոչն՝ անմիջապես արձագանքել եմ և եկել եմ։ Հենց էս օրհասական պահին պետք է օգնենք, ժամանակն է եկել, որ հայրենասիրությունը ցույց տանք մեր հայրենիքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրանը։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրանք-կոչով դիմեց վերջին մեկ տարում զինծառայության անցած և զորացրված երիտասարդներին՝ հորդորելով մասնակցել «հայրենիքի համար մղվող կենաց-մահու պայքարին»։ Փաշինյանը շեշտեց՝ թեև օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները ենթակա չեն զորակոչի, սակայն հենց այդ տղաներն են ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսը: «Այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը: Տղե՛րք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը», - հայտարարեց վարչապետը։
Սամվելն այս տարվա հունվարին է զորացրվել, բայց, վարչապետի երեկվա կոչից հետո, որոշել է աշխատանքը թողնել և ընտանիքից թաքուն կամավորագրվել։ Ասում է՝ գիտի, թե մոր համար որքան դժվար է լինելու, դրա համար մեկնելուց հետո միայն որոշման մասին տեղյակ կպահի։ «Կարիքը կա մեր, ու դրա համար էլ գնում ենք», - ասաց Սամվելն ու կոչով դիմեց մյուս տղաներին․ - «Ով ցանկանում է ու ով պատրաստ է, թող ինքն էլ գա, անպատրաստ մարդիկ հաստատ մեզ կխանգարեն, քան թե կօգնեն»։
Գագիկը ծնունդով Ղարաբաղից է, այս տարի է զորացրվել, ասում է՝ հարազատներին բերել է Երևան, հայրը, եղբայրը Արցախում են, ուրախ է, որ կկարողանա շուտով նրանց միանալ։ «Որոշեցի կամավորագրվել, գնալ մեր հայրենիք՝ Ղարաբաղ։ Ես ղարաբաղցի եմ, մերոնց բերել ստեղ եմ հասցրել՝ փոքր քույր, եղբայր, մայր, հիմա էլ գնում եմ այնտեղ, եղբայրս ու պապաս էնտեղ են», - ասաց Գագիկն ու կրկին դիմեց մեկ տարի առաջ զորացրվածներին․ - «Կասեմ՝ թող դուխով լինեն, գան, հերթագրվեն, հաղթելու ենք, եթե համախմբված լինենք, կհաղթենք։ Մեր կարիքը կա, նոր ենք զորացրվել ու մենք մեր իմացածը դեռ չենք մոռացել, ինձ թվում է՝ մեր գիտելիքներն այնտեղ հարկավոր են»։
Նիկոլ Փաշինյանի կոչից հետո քաղաքացիները նաև տանն ունեցած իրենց զինվորական հագուստները, տաք շորերը, կոշիկները՝ ինչ ունեն և ինչ պետք կգա զինվորին, տանում են զինվորական հավաքակայան։ Որևէ կերպ օգնելու ցանկություն ունեցող քաղաքացիների հոսքը ոչ մի րոպե չի դադարում։ Տարեց մի տղամարդ անգամ իր կնոջ հին սաղավարտն էր բերել․ ժամանակին կինը ծառայել է։ Նա արցունքն աչքերին ասում էր՝ երանի թե պետք չգա, պատերազմն էլ շուտ ավարտվի․ - «Սաղավարտ, կեպի, պիլոտկա․․․ էն, ինչ-որ կար տունը, կինս ա եղել զինծառայող, կնոջս իրերն են»։
«Ազատության» զրուցակիցներից մեկն էլ ասաց․ - «Ձմեռային,ամառային ինչ կար, բերել եմ, զինվորական հագուստ է, իմ փեսայինն է եղել, որ վախտին ծառայում էր, տենց եկել ա, պահել եմ, որը մի քիչ հագած ա, որը նոր ա։ Երեկ լսեցի վարչապետի կոչը, սաղ գիշեր չեմ քնել, Արարատից եմ եկել»։