Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Մատաղիսի և Ջաբրայիլի գրավման մասին հայտարարությունները


Այս պահին մարտերը շարունակվում են նույն` հարավային և հյուսիսային ուղղություններով, մարտերն այսօր չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին էր, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը, նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր, ձեռնարկել է հարձակողական գործողություններ նույն ուղղություններով` հետ մղվելով: «Այսօրվա միայն անձնակազմի կորուստը կազմում է մոտ 400 զինծառայող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից բարձր մակարդակով արվող հայտարարություններին` Մատաղիսի դիրքում առաջխաղացում ունենալու վերաբերյալ, ՊՆ ներկայացուցիչը նկատեց. - «Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավելու կապակցությամբ, իսկ այսօր մենք հրապարակեցինք այն տեսանյութը, որը հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ»:

Նա ապատեղեկատվություն համարեց նաև Ջաբրայիլի գրավման մասին լուրերը. - «Ես երեկ հարց ուղղեցի` եթե Ալիևը վստահ է, որ Մատաղիսն ազատագրել են, ապա ինչո՞ւ չի այցելում Մատաղիսը: Մենք բոլոր հիմնակավոր կասկածներն ունենք` ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիան բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում: Փաստացի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են զեկուցում»:

Արծրուն Հովհաննիսյանը պնդեց, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը որևէ մարտավարական նշանակալի գործողություն չեն կարողացել իրականացնել, ավելին, ըստ նրա, կրելով կորուստներ` հետ են շպրտվել, «թեկուզ միայն նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի գործուն միջամտությունը այսօր չեզոքացվել են շնորհիվ հայկական ստորաբաժանումների գործողությունների»:

XS
SM
MD
LG