Կանադան հետաքննում է հաղորդումները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Այս մասին առաջինը հաղորդել էր սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares֊ը:
Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:
The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը:
«Արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել` պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել», - ասել է Կանադայի վարչապետը և հավելել. - «Ծայրահեղ կարևոր է, որ հարգվեն մարդու իրավունքները չոտնահարելու` Կանադայի ակնկալիքները»:
Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:
«L3Harris Wescam պաշտոնյաները առայժմ որևէ կերպ չեն արձագանքել», - հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը: