Մատչելիության հղումներ

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից


Այսօր Մոսկվայում բացվում է ամենամյա միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում հոկտեմբերի 4-ին փառատոնի ոչ մրցութային ծրագրում պիտի ցուցադրվեր արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը: Սակայն փառատոնի կազմակերպիչները որոշել են ծրագրից հանել և չցուցադրել ֆիլմը՝ այս օրերին Արցախում ընթացող ռազմական գործողությունների պատճառով:

Սա մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանի կինոգործիչների շրջանում: Այս կապակցությամբ փառատոնի կազմակերպիչներին նամակներ են հղել Կինոգործիչների միությունը, Ազգային կինոկենտրոնը, այլ կազմակերպություններ, նաև անհատ կինոգործիչներ:

Հիշեցնենք, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Հայասատանի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Չեխիայի, Բուլղարիայի և Իտալիայի համատեղ արտադրություն է, և ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը. – «Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած «Դրախտի դարպասը» ֆիլմը ենթարկվեց հերթական ճնշումների շղթային: Ցավոք, պետք է արձանագրենք, որ նման միջազգային հեղինակություն ունեցող մշակութային կառույցը քաղաքականացրեց ողջ փառատոնը, ինչի արդյունքում որոշում է կայացվել բացառել պատերազմական իրավիճակում գտնվող երկրի կինոռեժիսորի ֆիլմի, և ընդգծենք` հայկական ֆիլմի ցուցադրությունը: Սա լուրջ, միջազգային տարբեր կառույցների հետ համատեղ արտադրված լուրջ պրոեկտ է: Նույնիսկ նկարահանման փուլում ֆիլմը հետապնդվել է և ունեցել է դժվարին ճանապարհ: Նշենք նաև, որ Ջիվան Ավետիսյանի և նախորդ ֆիլմերը... ստեղծման ժամանակ հարևան պետությունը ագրեսիայի ալիք է բարձրացրել` փորձելով խոչընդոտել արտասահմանյան դերասանական, ստեղծագործական կազմի ներգրավվածությունը ֆիլմին և արտասահմանյան նկարահանումներին, ինչը, իհարկե, դժվարացրեց եվրոպական կողմից ֆինանսական աջակցության հարցը: Այսինքն` շատ մեծ փորձություններով անցավ այս ֆիլմը: Բայց շատ ցավալի է մեզ համար, շատ տարօրինակ և շատ վիրավորական, և մենք սա խստորեն դատապարտում ենք: Ասեմ, որ արդեն նամակ ենք պատրաստել փառատոնի նախագահին` Նիկիտա Միխալկովին: Մենք տեղյակ ենք, որ նույն Մոսկվայի այս միջազգային կինոփառատոնում ներգրավված է ադրբեջանական մեկ ուրիշ ֆիլմ: Բայց չգիտես ինչու այդ ֆիլմը նման ճակատագրի չարժանացավ»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ` մոսկովյան միջազգային կինոփառատոնի ղեկավարությունը ոչ մի դեպքում չպիտի արվեստը խառներ ընթացիկ ռազմաքաղաքական իրադարձություններին. – «Այն հարթակները միջազգային, որոնք կոչված են պաշտպանելու ազատությունը, ազատ երկխոսությունը, ստեղծագործելու իրավունքը, իսկ ֆիլմը, վերջնական արդյունքը հանդիսատեսին հասցնելու պրոցեսը ևս ստեղծագործության մաս է, այդ հարթակները ընկրկել են, և ընկրկել են քաղաքակրթական չափանիշները` ի դեմս Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ղեկավարության: Ցավալին այս է, և այստեղ է, որ մենք ափսոսանք ենք հայտնում, որովհետև, ըստ էության, Ադրբեջանը ինչ փորձում է անել ռազմի դաշտում ագրեսիայի ձևով, նույն քաղաքականությունը նա վարում է մշակույթի ոլորտում: Չի կարող լինել պետության մշակութային քաղաքականություն, որի հիմքում ընկած է այլ պետության մշակութային պրոցեսները խոչընդոտելը: 21-րդ դարում նման նահանջը մասնագիտական միջավայրի, ստեղծագործական միջավայրի, մտավորական միջավայրի ես համարում եմ ամոթալի բան»:

Հարցին, թե արդյոք փառատոնի ղեկավարությունը այդ քայլի որևէ պատճառաբանություն ներկայացրել է, Խզմալյանն արձագանքեց. – «Ես, անկեղծ ասաց, շատ ավելի ուրախ կլինեի, որ այն պատճառաբանությունները, որ մենք ստացել ենք փառատոնի ղեկավարներից, ընդ որում մի մարդուց, որը գրեթե ամեն տարի եկել է, մասնակցել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, վայելել փառատոնի բոլոր վայելքները, այնպիսի մի անհեթեթ պատասխան ենք մենք ստացել, որ դա, կարծում եմ, վիրավորում է իրեն և ոչ թե մեզ: Ի՞նչ է նշանակում «հերթական խաղաղության ժամանակ կցուցադրենք», «մենք չենք ուզում, որ կինոդահլիճը վերածվի երկրորդ Սումգայիթի»... Ես զարմացած եմ ողորմելիությամբ բացատրությունների: Սա մտավորականի պատասխան չէ, սա միջազգային հեղինակավոր փառատոնի պատասխան չէ: Եվ եթե մենք հրապարակենք այդ պատասխանը պրոդյուսերներին, սա ուղղակի վարկանիշային հսկայական հարված կլինի հենց այդ միջազգային կինոփառատոնին: Ես ասեմ, որ արդեն ռեյտինգի վրա որոշակի ազդեցություն ունի, որովհետև մեր միջազգային գործընկերները շատ ակտիվ արձագանքում են: Եվ մենք էլ ենք արձագանքելու, մենք դեռ շարունակելու ենք խորքային պարզաբանումներ պահանջել փառատոնի ղեկավարներից: Կարծում եմ, որ ամենամեծ վնասը կրեց հենց փառատոնը, փառատոնի հեղինակությունը և փառատոնի ղեկավարների հեղինակությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG