Մատչելիության հղումներ

Մեկ ու կես օրում 250-ից ավելի կանայք ու աղջիկներ ցուցակագրվել են Արցախ մեկնելու համար


Երեկվանից բազմաթիվ կանայք ու աղջիկներ կամավորագրվում են։

Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանի մատյանում արդեն շուրջ 250 անուն-ազգանուն կա:

Մարինե Այրումյան. – «Կան որ շատ ջահել են և չեն պատկերացնում ծանրությունը էս պատերազմի: 37 հոգու մերժել ենք երեկվանից էսօր»:

Այրումյանը շեշտում է, որ առայժմ ցանկացողներին ցուցակագրում են, երկու օրից կավարտեն ու Պաշտպանության նախարարության ցուցումին կսպասեն, թե որ պոլիգոնում ու ինչպես անցնեն կրակային նախապատրաստական փուլը․ - «Ջահելները իհարկե ավելի շատ են: Հասկանալի է ինչ պատճառներով, ում եղբայրն ա, ում քեռին ա, ում հայրն ա, ում ընկերն ա, ում ամուսինն ա... պատրաստ են այնտեղ լինել, գոնե ինչ-որ մի բանով աջակցել»:

Ցուցակագրվածներից Էմման վստահ է պատասխանում. արյունից չի վախենում, միայն թե ո'չ կրակել գիտի, ո'չ էլ առաջին բուժօգնություն ցուցաբերել: Գիտի այն, որ ուզում է առաջնագծում լինել. – «Ապխերներս հիմա ընտեղ են: Նենց չի, որ եթե ախպերներս ընտեղ չլինեին, ես պատրաստ չէի իմ հայրենիքի համար գնալու: Կապ չունի որ աղջիկ ենք, որ այսպես ասած թույլ սեռի ներկայացուցիչ ենք»:

Լիլիթ Վարդանյանը չի կասկածում, որ իր գիտելիքները պետք են. – «ՏՈԶ-ով եմ կրակել, կարաբինով... լավ վազում եմ, վիրակապ դնել գիտեմ: Զենք քանդելուց մինչև ամենավերջին բաներին տիրապետում եմ»:

Նրա կողքին նոր-նոր չափահաս դարձած երկու ընկերուհիներ են, որոնք նկարահանվել չցանկացան, որովհետև մայրիկից թաքուն են վազել կամավորագրվելու: Նրանցից մեկի սիրելին Արցախի հյուսիս-արևելյան հատվածում է այժմ: Աղջնակը կարծում է, որ ինքը հենց այն սպասված անակնկալը կլինի թեժ մարտերի տեղանքում: Կողքից տեղեկացրին, որ կանայք և աղջիկները առայժմ չեն մեկնում, ցուցակագրվում են, հետո հույս ունեն, որ նրանց կարիքը չի էլ լինի:

«Զենքից օգտվել չգիտեմ... թեկուզ լվացք, թեկուզ հաց եփել... ինչով կարողանամ», «Ազգին զավակ չեմ տվել, պարտավոր եմ ինքս գնալ», «8 տարվա ծառայող եմ, ավտոմատի եմ տիրապետում». այսպիսի փաստարկներ էին բերում ցուցակագրվել ցանկացողները:

Ցուցակագրումը շարունակվում է րոպեում 2 գեղեցկուհի արագությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG