Իլհամ Ալիևը՝ կնոջ, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ուղեկցությամբ, այսօր այցելել է Բաքվի Կենտրոնական հոսպիտալ։
Ադրբեջանի նախագահը հոսպիտալի բակում հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված մի խումբ ադրբեջանցի զինվորականների հետ։
Խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին՝ Ալիևը հայտարարել է. - «Հայաստանը պետք է հրաժարվի օկուպացիոն քաղաքականությունից։ Դրա փոխարեն, սակայն, Հայաստանի վարչապետը մեզ նախապայմաններ է առաջադրում։ Վերջերս ես նշեցի, որ մենք մերժում ենք այդ պայմանները։ Մենք մեր հերթին միայն մեկ պայման ենք առաջ քաշում՝ Հայաստանի Զինված ուժերը ամբողջ կազմով պետք է լքեն մեր հողերը», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Սա Ալիևի առաջին հրապարակային ելույթն էր՝ սեպտեմբերի 27-ի հեռուստաուղերձից հետո։