Իշխանականների փոխանցմամբ՝ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին։ Ազգային ժողովի (ԱԺ) Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այսօրվա վերլուծությունները ցույց կտան՝ դիմել, թե սեփական ուժերով դիմագրավել Հայաստանի վրա հարձակումներին։
Պաշտոնական Երևանն այսօր հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությամբ, զոհվել է մեկ քաղաքացի։ Կազմակերպության պայմանագրով, այդ թվում` ռազմական օգնություն տրամադրելու համար անդամ երկրներին ագրեսիայի ենթարկված դաշնակցի դիմումն է անհրաժեշտ։
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կվերլուծի այսօրվա ամբողջ պատկերը, ունենալով ձեռքի տակ ծանրակշիռ այդպիսի փաստարկներ` կորոշի` ՀԱՊԿ-ին դիմում է, թե մեր ուժերով, այնուամենայնիվ կանխում ենք նաև Հայաստանի վրա հարձակումները: Եվ եթե հիշում եք, առանց ՀԱՊԿ-ի միջամտության, Հայաստանի վրա հարձակում եղավ հուլիս ամսին Տավուշի մարզում, և մեր զինված ուժերը կարողացան զսպել այդ հարձակումները, այդ դիրքերի բարելավումը տվեց ավելի մեծ հնարավորություն մեր այդ հատվածի անվտանգությունն ավելի էֆեկտիվ կառավարելու համար», - նշեց Քոչարյանը:
ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս չի շտապում ասել՝ ՀԱՊԿ-ին դիմելու ծրագրեր Երևանն ունի՞։ «Մենք ըստ անհրաժեշտության կձեռնարկենք այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն: Թույլ տվեք ավելին չմանրամասնել: Ինչ վերաբերում է Վարդենիսում ադրբեջանական գործողություններին, ընդ որում թուրքական դրոններով գործողություններին, թուրքական արտադրության, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է պատերազմի մեջ ներքաշել նաև Հայաստանի Հանրապետությանը, բայց մեր զինված ուժերը առավել, քան վստահ վերահսկում են իրավիճակը», - նշում է նա:
Եկե՞լ է ՀԱՊԿ-ին դիմելու պահը, ռազմական գործողությունները նաև Ռուսաստանի գլխավորած ռազմաքաղաքական դաշինքի անդամ Հայաստանի տարածք են հասել։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ դեռ ոչ, Հայաստանը կարողանում է ինքն իրեն պաշտպանել. - «Կազմակերպությունը սկսում է գործել այն պահից, երբ հարձակում է լինելու անդամ պետության վրա, և այդ պետությունը դիմում է կազմակերությանը: Որովհետև կարող է լինի նման հարձակում, ինչը մենք ունեցել ենք օրինակ` հուլիսին կամ նախկինում, բայց մենք ինքներս կարողանում ենք մեր խնդիրները լուծել: Ես կարծում եմ` մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին այն պահին, երբ որ մենք ինքներս չկարողանանք մեզ պաշտպանել: Օրինակ` Թուրքիայի որևէ ուղղակի միջամտության պարագայում, այո, մենք պետք է անմիջապես դիմենք: Մինչդեռ Ադրբեջանի դեմ պատերազմի համատեքստում դեռևս դրա կարիքը չեմ տեսնում»:
Այսօր խորհրդարանի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ անցկացրեց, Լիլիթ Մակունցը՝ խմբակցության ղեկավարը, ասաց՝ քննարկել են տիրող իրավիճակը։ Պատգամավորները փոխանցեցին՝ հանդիպմանը նաև խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն է մասնակցել։
Իշխանությունը չի էլ թաքցնում՝ թե Արցախի անկախությունը ճանաչելու, թե ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորությունը քննարկվում է։ Չեն բացառում՝ հարցերը կարող են և խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկվել։ «Ըստ զարգացումների` կան տարբեր սցենարներ, այդ սցենարներին համապատասխան համարժեք բոլոր քայլերը քննարկվում են, և բնականաբար համարժեքության տեսանկյունից բոլորն ընդունելի են, կախված է, թե ինչ զարգացումներ կլինեն, և ինչպիսի ի վերջո որոշում կկայացնենք», - նկատեց Մակունցը:
Պաշտպանության հանձնաժողովի նախագահը փակագծեր է բացում, թե ինչի՞ն է սպասում Երևանը՝ ճանաչելու համար Ղարաբաղի անկախությունը. - «Նման սրացումների պարագայում որպեսզի Հայաստանն ամբողջ ծավալով կարողանա որպես իր անվտանգության երաշխավոր իրացնի իր խնդիրները, բնականաբար, եթե այդ խնդիրն այդքան սուր դրվեց, ճանաչելը դառնում է օրհասական, և այդտեղ խնդիր ես չեմ տեսնում, բայց մի քանի օր սպասելը չի խանգարում, որովհետև եթե այսօր ճանաչենք կամ վաղը չէ մյուս օրը, կախված է, թե մենք ինչ ռազմաքաղաքական իրողություններ կֆիքսենք այսօր կամ երկու օր հետո, և այդ զենք-զինամթերքն անընդհատ, ամեն օր ինքը կորցնում է և ամեն օր ավելացնում է կորստի ծավալը»: