The New York Times պարբերականը պնդում է, որ իր տրամադրության տակ են գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին 20 տարվա հարկային փաստաթղթերը։
Նախօրեին հրապարակած հոդվածում ամերիկյան հեղինակավոր պարբերականը, վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարի հայտարարագրերը, տեղեկացնում է, որ շուրջ 2 միլիարդ կարողություն ունեցող Թրամփը 2016 թվականին վճարել է ընդամենը 750 դոլար հարկ, ևս այդքան էլ՝ 2017-ին՝ իր նախագահության առաջին տարվա ընթացքում: Թերթը նաև հայտնում է, որ վերջին 15 տարվա ընթացքում շուրջ 10 տարի Թրամփը դաշնային եկամտային հարկ ընդհանրապես չի վճարել:
Դոնալդ Թրամփի հարկային փաստաթղթերը վերջին տարիներին դատական վեճերի առարկա են։ Սպիտակ տան ղեկավարը հրաժարվում էր դրանք հրապարակել՝ պնդելով, որ օրենքն իրենից նման բան չի պահանջում։
The New York Times-ը չի հայտնում, թե ինչպես են իր տրամադրության տակ հայտնվել այդ փաստաթղթերը։
ԱՄՆ նախագահը կիրակի օրը Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հերքել է այդ տեղեկությունները՝ դրանք անվանելով «կեղծ»։ Թրամփը հավաստիացրել է, թե վճարել է հարկեր, սակայն մանրամասներ չի նշել: