Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել:
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:
Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտնել է հայկական կողմից 16 զոհի և հարյուրից ավելի վիրավորի մասին:
Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ:
Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ-ի, 27 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ: