«Ինձ համար դիմակով մարդիկ ոնց որ մեռած լինեն, դիմակն իջեցնում են՝ արև է բացվում», - Տանյան շատ պատկերավոր է ներկայացնում՝ թե լսողության խնդիրներ ունեցողներն ինչպես են իրենց զգում դիմակավորների միջավայրում։ Ձայներ չեն լսում ու դիմացինին լսելու միջոցը շրթունքների շարժն է:
«Մեզ համար դիմակ դնելը դժվար չէ, բայց խոսելիս անընդհատ ուզում եմ հանել՝ որ հասկանան ինձ», - ասում է Բելան:
Դպրոցում էլ, փողոցում էլ լսողության խնդիրներ ունեցողները հիմնականում դիմակով են: Դավիթը պատմում է՝ երբեմն իջեցնում է, բայց մոտեցող ոստիկանը հասկանում է, որ խնդիր ունի ու չի տուգանում: Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներն ասում են՝ իրենց հիմնական խնդիրն այն է, որ սովորաբար դիմախաղով, ժեստերով են շփվում, դիմակն այդ ամենը փակում է:
Հայրենի բնության ուսուցչուհին դիմավահանով է, որպեսզի երեխաները կարողանան կարդալ նրա շրթունքներից, չէ որ չեն լսում:
Եթե ընկեր Պետրոսյանը դիմակով լիներ՝ Սամվելը այդպես էլ չէր իմանա, որ պետք է փորձի սոխ բառը: Ո՞նց է իրեն զգում դիմակով, Սամվելը հասկացնում է՝ այդպես մաքուր է, հետո ի միջայլոց նկատեց, որ մայրիկի ատամը ցավում է:
«Քանի որ երեխաները, որոնց խոսքը, հնչյունները պետք է պարզ լինեն, ես հասկանամ՝ ինչ բառ ասաց, ես խնդրում եմ իջեցնել դիմակը, հետո իրենք բարձրացնում են», - ասաց Պետրոսյանը:
Երրորդցիների դասվարն էլ դիմավահանով էր. Սիրանույշ Ջանիբեկյանն ասում է՝ լսողության տարբեր աստիճանով կամ ընդհանրապես լսողություն չունեցող բալիկների հետ այլ տարբերակ չկա. «Ի սկզբանե եղել ենք դիմավահանով՝ շրթունքներից կարդալն իրենց ավելի պարզ լինելու համար, իրանք էլ սիրով կրում են դիմակներ, իհարկե, եթե մեկ-մեկ իջեցնում են, մենք փորձում ենք չառարկել»:
Երկու օր առաջ դպրոցների համար սահմանված սանիտարական ուղեցույցը լրամշակվեց, այժմ լսողության և խոսքի տարբեր խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների համար դիմակը պարտադիր չէ: Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում 120 երեխա է սովորում, նրանցից 55-ն էլ գիշերում են այստեղ: Տնօրեն Լուսինե Բաբայանն ասում է՝ ի սկզբանե բոլորին հորդորել են դիմակով դպրոց մտնել, գիտակցելով, որ դա ուսումնական պրոցեսը դժվարացնելու է:
«Հաշվի առնելով լսողության խանգարում ունեցող երեխաների հաղորդակցման համար միմիկայի կարևորությունը, դիմախաղերի և ժեստերի կարևորությունը, սա նույն է, որ լսողներս խոսքում չօգտագործենք ո՛չ առոգանություն, ո՛չ կետադրական նշան, ոչինչ, ինչքան անհասկանալի կլինի», - ասաց Բաբայանը:
Այժմ, երբ սովորողներն արդեն կարող են ձերբազատվել դիմակներից՝,տնօրենն ասում է՝ հատուկ կոչեր չեն անի, կարող են կրել, կարող են չկրել՝ ծնողների որոշելիքն է. «Մենք, իհարկե, միանշանակ կոչ չենք անի, որ հանեն, որովհետև եթե մի փոքր իրենց պաշտպանում է և իրենք հարմարավետ են գտնում դա անել, կմնան դիմակներով, եթե գտնում են, որ չեն ուզում, կհանեն»:
Որ չափորոշիչներում փոփոխություն է անհրաժեշտ, ահազանգել էին նաև լսողության խնդիր ունեցողների մայրիկները:
Անուշ Թադևոսյանը դիմակով որդուն է կանչում, արձագանք չկա, իսկ երբ դիմակն իջեցնում է Արամեն ամեն ինչ էլ հասկանում է շրթունքների շարժից: Ծնողներն էլ հույս ունեն, որ այս վերջին փոփոխությամբ կրթական դժվարությունը կմեղմվի, միայն թե կրթահամալիրի սաներն իրենք չեն շտապում հանել դիմակները:
«Դիմակը ուզո՞ւմ ես հանել» հարցին Էմիլիան արագ ոչ է ցույց տալիս: Դիմակներից ազատագրվել են միայն առաջինցիները:
Դժվար է պատկերացնել՝ թե հնչյունային ռիթմիկա կոչվող վարժանքը ինչպես է հնարավոր կատարել փակ բերանով:
Ռիթմիկայից կարևոր՝ զուգարանի գործով անհանգիստ էր Սիմոնը, գիտի՝ վերադարձին ախտահանելու է ձեռքերը: Կրթահամալիրում հակահամաճարակային մյուս կաննոները պահպանում են խստորեն՝ ուսուցչուհիները ծիծաղում են՝ եթե իրենք նույնիսկ մի բան մոռանան, երեխաներն անպայման կհասկացնեն՝ սեղաններն էլ, իրենց ձեռքերն էլ ախտահանել է պետք: