Դատախազությունում ստացել են և ուսումնասիրում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի կողմից շահագործվող Մղարթի ոսկու հանքավայրի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղարկած նյութերը։
Վարույթ հարուցվելու դեպքում այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Ուսումնասիրում ենք նյութերը, դրանում տեսնում ենք քրեական վարույթ հարուցելու հիմքեր, ապա հարուցում ենք, եթե անհրաժեշտ է լինում, օրինակ, ուսումնասիրության առարկա դարձնել պետական շահերի պաշտպանության շրջանակներում, ապա ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում և դրանով սկսվում է իրականացվել համապատասխան ուսումնասիրություն», - ասաց Աբրահամյանը:
Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը շուրջ տասը տարի ոսկու հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները։ Մեկ ամիս առաջ Շրջակա միջավայրի նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ասում է՝ հարցի վերաբերյալ ավելի մանրամասն կխոսի, երբ գործը իրավական նոր շրջափուլ մտնի։
Բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով՝ իրենք տարիներ շարունակ են այս խնդիրները բարձրաձայնել. «Երբ որ իրանք հանքավայրը սկսել են շահագործել, ըստ տեղացիների պատմածների, 3-4 տարի առաջ էին դեռևս պատմում, իրենց խմելու ջրի աղբյուրներն են սակավացել, մի մասն էլ ընդհանրապես չորացել էր, և այդպես 10 տարի շարունակ այդ հանքը շահագործողները ոչ մի քայլ չձեռնարկեցին գոնե այդ գյուղը խմելու ջրով ապահովելու համար: Սա նույնպես խոսում է մարդկանց մոտեցման մասին: Հանքավայրը 5 տարի է բաց թողած վիճակում է ընդհանրապես, նկարները, որ նայում եք, արդեն առաջացել է թթվային դրենաժի պրոցես, և երևում է նույնիսկ լճակը, որտեղ կուտակվում է այդ թթվայնացված ջրերը հանքի, և այդ ջրերը, բնականաբար, խառնվելու են միջավայրի ջրերի հետ: Իրենք ունեն նաև երկու հատ շատ փոքրիկ պոչամբար, որը նույնպես կարող է խնդիրներ առաջացնել»:
Այս խնդիրները, սակայն, ըստ Գալստյանի, բնորոշ են Հայաստանում գործող բոլոր մետաղական հանքերին և այս գործընթացը ողջունելի կլինի, եթե շարունակական լինի։ Ասում է՝ դեռ 2019 թվականի փետրվարին են նախարարությանը ներկայացրել այդ ընկերությունների ցանկը, պատասխանել են՝ բոլորին առանձին-առանձին կանդրադառնան, բնապահպանը ասում է՝ մինչև օրս, սակայն, էական տեղաշարժ այս հարցում իրենք չեն արձանագրել։ Գալստյանը նախարարությանը կոչ է անում անդրադառնալ նաև խոշոր հանքերին և ընտրողական մոտեցում չցուցաբերել:
«Մետաղական հանքավայրերը մինչև չբերվեն այն մակարդակի, որը և՛ բնապահպանական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ հարկային վճարումների առումով կբավարարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական պահանջին, մենք չենք կարող խոսել նոր հանքավայրերի մասին, դա է խնդիրը: Ասենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտավորապես 35 միլիոն տոննա հանքաքար ավելի է հանել հանքից, քան թույլատրված է եղել իրեն մինչև 2016 թվականը: Այդ փաստերը ներկայացված են՝ փաստաթղթավորված, ամեն ինչով, բոլորը տեղյակ են՝ և՛ Ազգային ժողովի պատգամավորները, և՛ կառավարությունը, և՛ տեսչական մարմինը, և պարզվում է, որ տեսչական մարմինն ընդամենը 200 հազար դրամ տուգանք է դրա համար սահմանել», - նշեց Լևոն Գալստյանը:
Մղարթի ոսկու հանքավայրը շահագործում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ը, որի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը հիմա կալանավորված է և անցնում է մի քանի քրեական գործերով։ Ընտանիքի փաստաբան Էմիլ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում
զերծ մնաց հանքավայրի հարցով մեկնաբանություններից։