Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, առավոտյան մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը քիչ առաջ հայտնեց լրագրողներին, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Սեպտեմբերի 23-ին նախատեսված նիստը հետաձգվել էր, պատճառը Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն էր։
ԲՀԿ առաջնորդին կալանավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունն էր միջնորդել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։ Դրանից հետո դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։ Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանի դատարանին:
Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։