Գրեթե 1 տարի ազատազրկված Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Տիգրան Բադալյանը, որ մեղադրվում է 10 հազար դրամ և մի քանի ալյումինե թիթեղ գողանալու մեջ, 30 օր է հացադուլ է անում, կարել է բերանը, երեկ նաև ոտքերը մեխել մահճակալի փայտյա հատվածին։
Նրա մոր խոսքով՝ կալանավորումից ի վեր պարբերաբար հացադուլերի դիմող իր որդին ցանկանում է ուշադրություն հրավիրել իր գործի վրա. «Հացադուլ արեց, բերանը կարեց, ի՞նչ անի, ինքնասպանություն գործի՞, ինչի՞ են հասցնում այդ վիճակին մարդու: Ես վստահ եմ, որ իմ երեխան չի արել այդ բանը, եթե ես իմանայի, որ իմ երեխան արել է, ես ձայնս կկտրեի կնստեի մի անկյունում»:
Պատմությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին. Տիգրան Բադալյանի փաստաբանի խոսքով՝ նա գյուղի ոչ հիմնական ճանապարհի վրա գտել է ալյումինե թիթեղներ, որոնք տարել է նույն գյուղի մետաղի ջարդոնի ընդունման կետ ու հանձնել 15 հազար դրամի դիմաց։ Դատախազության կողմից հաստատված մեղադրանքի համաձայն, սակայն, Բադալյանը մտել է համագյուղացու տուն, գողացել 5 թիթեղ, ինչպես նաև խնայատուփում եղած 10 հազար դրամը։ Փաստաբան Կարլեն Ավագյանի խոսքով՝ իր պաշտպանյալը գողություն չի կատարել և պարբերաբար հացադուլ ու ջրադուլ է անում արդարության պահանջով։ Ըստ փաստաբանի, գործում որևէ ապացույց կամ վկա չկա:
«Այնքանով առնչություն ունի, որ գյուղում գտել է այդ մետաղյա թիթեղները և մտածելով, որ միգուցե պետքական չեն, տարել է հանձնել մետաղի ընդունման պետ, ընդ որում՝ իրենց գյուղի: Նաև տրամաբանությունից ելնելով, եթե նա գողություն կատարեր իրենց գյուղից, բնական է, իմ կարծիքով եմ ասում, կտաներ այլ տեղ կհանձներ», - ասաց փաստաբանը:
«Արմավիր» ՔԿՀ-ում հենց հիմա էլ հացադուլը շարունակող Տիգրան Բադալյանը մեղադրվում է գողություն հոդվածով: Դատախազը պահանջել է 5 թիթեղ և 10 հազար դրամ գողանալու մեջ մեղադրվող Բադալյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։
«Որևէ վկա չկա, ավելին, տուժողն ինքն է իր ցուցմունքներով հայտնում, որ ինքը չի մտածում, որ Տիգրան Բադալյանն է կատարել գողությունը», - նշեց Ավագյանը:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը մշտապես եղել է տարածքի ոստիկանության ուշադրության կենտրոնում, քանի որ նախկինում դատված է գողության հետ առնչություն չունեցող հոդվածով, և պատիժը կրել է պայմանական ազատազրկմամբ. «Ոստիկանության աշխատակիցները առավել հավանական թեկնածուների մեջ դիտում են որպես նախկինում դատված անձանց»:
Կարլեն Ավագյանը նշում է, որ դատարանը չի համարել, թե Բադալյանը կարող էր ազդել նախաքննության ընթացքի վրա, այլ կալանավորել է նրան միայն ծանր հոդվածի պատճառով. - «Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում դատապարտված է եղել, անմեղության կանխավարկածը ջարդուփշուր անելով, նրան կալանավորելու որոշում է կայացնում»:
30 օր հացադուլ և այս ընթացքում նաև պարբերաբար ջրադուլ հայտարարած Բադալյանի գործի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը մեկնաբանություն չուներ՝ նշելով, որ գործն արդեն դատարանում է։ Արդյո՞ք կալանավորի երկարաժամկետ հացադուլը առիթ չի հանդիսացել, որ դատախազությունը լրացուցիչ ուսումնասիրության ենթարկի այս գործը, մեր այս հարցին դատախազությունից խոստացան պատասխանել վաղը։
Մինչ այդ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մի քանի անգամ այցելել են կալանավորին, իսկ սեպտեմբերի 8-ին առաջարկել են նախարարությանը նրան տեղափոխել հիվանդանոց «հաշվի առնելով Տիգրան Բադալյանի երկարատև հացադուլն ու ջրադուլը», Արդարադատության նախարարությունը, սակայն, մինչ օրս չի պատասխանել օմբուդսմենի այս գրությանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ կալանավորի հանդեպ այս անտարբերությունը դատապարտելի է։ «Հայաստանում շարունակում է պահպանվել անմարդկային մթնոլորտ: Ես չեմ տեսնում որևէ հույս, որ կփոխվի, որ որևէ մեկն անհանգստանա, որ մարդը կարող է մեխել իր ոտքերը հետհեղափոխական Հայաստանում», - ասաց Ալեքսանյանը: