Իսրայելը երկշաբաթյա համապետական լիակատար լոքդաուն է հայտարարում։ Ութ ժամ շարունակված կառավարության նիստից հետո այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ պնդելով, որ իրադարձությունները երկրում զարգանում են վատթարագույն սցենարով։
«Համավարակի երկրորդ ալիքը հարվածել է ողջ աշխարհին և մենք բացառություն չենք։ Մահացության ցուցանիշը Իսրայելում, ցավոք սրտի, աճում է, աճում են նաև հիվանդության ծանր դեպքերը։ Վերջին օրերին փորձագետները պնդում են, որ եթե մենք անհապաղ միջոցներ չձեռնարկենք, ապա երկիրը կհայտնվի անդունդի եզրին։ Իսրայելի քաղաքացիների փրկության նպատակով մենք երկշաբաթյա լիակատար լոքդաուն ենք հայտարարում», - նշել է Նեթանյահուն։
Սեպտեմբերի 18-ին Իսրայելի տարածքում արդեն իսկ երեքշաբաթյա մասնակի կարանտին էր հայտարարվել, որը սակայն որևէ էական արդյունքի չէր հանգեցրել։ Վերջի մեկ շաբաթում 9 միլիոն բնակչություն ունեցող երկրում օրական արձանագրվող կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 7 հազարի։ Կառավարության որոշման համաձայն սեպտեմբերի 25-ից Իսրայելի ողջ տարածքում կդադարեցվի տնտեսական գրեթե ողջ գործունեությունը, փակ կլինեն բոլոր ուսումնական հաստատությունները։ Իսրայելի ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ նոր լոքդաունի հետևանքով երկրի տնտեսությունը շուրջ 10 միլիարդ դոլարի վնաս կկրի։