Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաhիբա Գաֆարովայի առաջին դիվանագիտական փորձն անհաջողությամբ է պսակվում: Սլավոնական համալսարանի նախկին դասախոսը, ով որպես պատգամավոր զբաղվում էր հիմնականում սոցիալական խնդիրներով, Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի պաշտոնում իր առաջին մոսկովյան այցից հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման մանրամասներն աղավաղելու պատճառով։
Պաշտոնական Մոսկվայի կոշտ արձագանքը երկար սպասել չտվեց՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը պնդեց, որ Գաֆարովայի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Ռուսաստանից հնչած դիտողություններից հետո ադրբեջանական կողմը ստիպված է եղել խմբագրել պաշտոնական հաղորդագրությունը:
Միլի Մեջլիսի խոսնակի պաշտոնում Սահիբա Գաֆարովայի առաջին եռօրյա պաշտոնական այցը Ռուսաստան մեկնարկել էր սեպտեմբերի 21-ին: Նրա գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Մոսկվայում ՝ այդ թվում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ըստ ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած տեսանյութի՝ Սերգեյ Լավրովը հանդիպման ընթացքում ողջունել է ադրբեջանական պատվիրակությանը, բարձր գնահատել Գաֆարովայի գործունեությունը, պատմել ադրբեջանցի նորանշանակ պաշտոնակցի Մոսկվա առաջին այցի մասին: Միլի Մեջլիսի խոսնակը, իր հերթին, կարճ ելույթով է հանդես եկել ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների մասին, շեշտել, որ երկու երկրները շարունակում են ակտիվ համագործակցել մի շարք ոլորտներում՝ առանձնացնելով մասնավորապես տնտեսականը, ինչպես նաև անդրադարձել, իր խոսքով՝ Ադրբեջանում բարձր գնահատվող ռուսաց լեզվի դերակատարությանը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, համենայն դեպս պաշտոնական Մոսկվայի տարածած տեսանյութում այդ առնչությամբ խոսք չի հնչում:
Մինչդեռ ինչպես պնդել է Գաֆարովայի ղեկավարած օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, «Ռուսաստանը կողմ է արտահայտվել ղարաբաղյան 5 շրջանների՝ Ադրբեջանին վերադարձնելուն», և իբր Լավրովի խոսքով՝ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացին»։ Ադրբեջանական մամուլը շտապեց տարածել տվյալ հաղորդագրությունը՝ ներկայացնելով այն որպես ադրբեջանական կողմի «հերթական մեծ հաղթանակ»: Բաքվում այս ուրախությունը, սակայն, չափազանց կարճ տևեց: Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ նախարար Լավրովի կողմից չի արվել նախկինում չբարձրաձայնված որևէ նոր հայտարարություն, լրատվամիջոցներին կոչ անելով այդ հանդիպման մասին հիմք ընդունել բացառապես ռուսական կողմի հաղորդագրությունը, այլ ոչ թե Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ ստիպելով ադրբեջանական կողմին խմբագրել հաղորդագրությունը և ջնջել այդ տեքստից Փաշինյանի բացասական դերակատարության և «տարածքները ազատագրելու» մասին Լավրովին վերագրվող հայտարարությունները։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բոլորը շատ լավ գիտեն, և խնդրում եմ առաջնորդվել հենց այդ դիրքորոշմամբ, այլ ոչ թե տարբեր մեկնաբանություններով, որոնք անում է ոչ ռուսական կողմը», - երեկ մեկնաբանելով միջադեպը՝ հայտարարել է Զախարովան:
Մինչ այդ էլ ռուսաստանյան դիվանագետական գերատեսչությունը Լավրով-Գաֆարովա հանդիպման մասին հետևյալն էր հաղորդել․ - «Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներին վերաբերող ակտուալ հարցեր, համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, ներառյալ՝ խորհրդարանական»։
«Միլի Մեջլիսի նոր խոսնակի առաջին լուրջ դիվանագիտական քննությունը մեղմ ասած անհաջող էր», - մեկնաբանում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ հավելելով. - «Սլավոնական համալսարանի դասախոսին կցանկանայինք խորհուրդ տալ կանանց և երեխաների խնդիրներով զբաղվել, ինչը նա անում էր երկար տարիներ Միլի Մեջլիսում, իսկ արտաքին քաղաքականության հարցերը թողնել պրոֆեսիոնալներին»: