Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը նշել է՝ դեսպանի պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ գործակցությունն ընդլայնել ու առավել ամրապնդել:
Թիան Էրլունը ասել է, որ չինական կողմը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ: Դեսպանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում երկու պետությունների միջև աճել է առևտրաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության մեծ ներուժը կիրացվի առաջիկա տարիների ընթացքում, ինչի հիմքը Հայաստանի և Չինաստանի կառավարությունների կամքն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական ոլորտներում համագործակցությանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: