Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան բանակցություններից առաջ կառավարությունը լոբբիստական ընկերություն է վարձել


Մյուս ամիս Վաշինգտոնում եզրափակվող հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունից առաջ Հայաստանի կառավարությունը վարձել է Alstօn & Bird լոբբիստական ընկերությանը՝ խորհրդատվություն մատուցելու, տեղեկանում ենք Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերից։

«Ազատությանը» Հայաստանի արտգործնախարարության տրամադրած տեղեկության համաձայն, մի շարք երկրների շահերը ԱՄՆ-ում ներկայացնելու մեծ փորձառություն ունեցող Alstօn & Bird-ը կօժանդակի Հայաստանի դեսպանությանը հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգն առաջ մղելուն և Միացյալ Նահանգների Կոնգրեսում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հարցում։

Արտգործնախարարության ԱՄՆ և Կանադայի բաժնի պետ Արմելլա Շաքարյանի խոսքով, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգում են արդարադատությանը, տնտեսությանը, պաշտպանությանը և քաղաքականությանը վերաբերող հարցեր։

«Անցյալ տարի, երբ մեկնարկեց ռազմավարական երկխոսությունը, երկկողմ օրակարգը Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդլայնվեց, միջկառավարական խորհրդակցությունները համակարգում էր Տնտեսական հանձնաժողովը և քննարկվում էին տնտեսական և այլ բնույթի հարցեր, իսկ ռազմավարական երկխոսության մեկնարկից հետո օրակարգն ընդլայնվեց: Ներկա օրակարգում քննարկվում են նաև տարածաշրջանային, գլոբալ, միջազգային հարցեր», - ասաց Շաքարյանը:

«Ազատության» հարցին, թե Հայաստանն ի՞նչ է ակնկալում այս բանակցություններից, Արտգործնախարարության ԱՄՆ և Կանադայի բաժնի պետը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք երկկողմ օրակարգի ընդլայնում, ավելի գլոբալ ծրագրերի իրականացում Միացյալ Նահանգների հետ և տնտեսական հարաբերությունների զարգացում»:

Հարցին էլ՝ քանի որ ներառվել են պաշտպանությանը և քաղաքականությանը վերաբերող կետեր, Երևանում ակնկալո՞ւմ են նաև այս ոլորտներում հարաբերությունների խորացում, Արմելլա Շաքարյանն արձագանքեց. «Այո, քննարկում ենք այս ոլորտներում հարաբերությունների խորացում»:

Արտգործնախարարությունն ընդգծում է, որ սա Հայաստանի կողմից լոբբիստական ընկերության հետ համագործակցության առաջին փորձը չէ, և տարբեր տարիների Հայաստանի կառավարությունը դիմել է նման ընկերությունների ծառայություններին, ինչը Վաշինգտոնում ընդունված գործելաոճ է։ Ըստ ԱԳՆ տեղեկանքի, հարևան Թուրքիան ԱՄՆ-ում կնքել է լոբբիստական 167 գործարք, Վրաստանը՝ 62, Ադրբեջանը՝ 52:

Անցած տարվա մայիսին Երևանում կայացած հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստից հետո այս սեպտեմբերին տեղի ունեցան երկրորդն ու երրորդը, որոնք COVID-ի պատճառով անցկացվեցին տեսակապի միջոցով։ Նման կերպ կայանալու է ևս երկու նիստ, եզրափակիչը՝ վեցերորդը կայանալու է հոկտեմբերին, և սպասվում է, որ այդ նիստին մասնակցելու համար Վաշինգտոն է մեկնելու հայաստանյան պատվիրակությունը՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։

«Այս պահին եզրափակիչ հանդիպման ձևաչափը դեռ քննարկման փուլում է, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդեն հստակ կլինի՝ ինչ մակարդակով է անցկացվելու հանդիպումը և ինչ ձևաչափով», - ասաց Շաքարյանը:

«Ազատության» հարցին՝ հանդիպումն ակնկալվում է պետությունների ղեկավարների մակարդակո՞վ, թե՞ նախարարների, նա պատասխանեց. «Ակնկալվում է նախարարների մակարդակով»:

Ըստ Շաքարյանի, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության արդյունքում ակնկալվում է փաստաթղթերի ստորագրում, սակայն ոչ այս փուլում։

Հայաստանի կառավարության վարձակալած Alston & Bird ընկերությունը կապվում է ԱՄՆ Սենատում 27 տարի Կանզաս նահանգը ներկայացրած, 1996 թվականին ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու 97-ամյա Ռոբերտ (Բոբ) Դոուլի հետ։

Տասը հազար դոլար արժողությամբ գործարքը կնքել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Դոուլը, ով հայամետ գործչի համբավ ունի, Alston & Bird ընկերությունում ավագ խորհրդատու է:

«Աջակցելու ենք Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ ուղղված Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններ կառուցելուն՝ 2020թ. հոկտեմբերին նախատեսված դիվանագիտական բանակցություններից առաջ։ Մեր այս ծառայությունները կարող են ներառել Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և աշխատակիցների հետ կապ հաստատելը», - դեսպան Ներսեսյանին հասցեագրված նամակում գրում է Բոբ Դոուլը, նամակի պատճենը հրապարակել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։

Նամակից նաև հայտնի է դառնում, որ Բոբ Դոուլն ու Alston & Bird ընկերությունը Հայաստանի կառավարությանը ծառայություն են մատուցելու մեկ ամիս ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը։

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Դոուլը, ով տևական ժամանակ նշանակալի ջանք է գործադրել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործում, անցած տարի պարգևատրվեց Հայաստանի Պատվո շքանշանով։

Համարվում է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում հեղինակություն վայելող Բոբ Դոուլը ազդեցություն ունի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Դոուլը ԱՄՆ նախագահի հանրապետական միակ թեկնածուն էր, ով սատարեց Թրամփին նախընտրական փուլում 2016-ին։ Երկու տարի անց, երբ Դոուլը արժանացավ Միացյալ Նահանգների քաղաքացիական ամենաբարձր երկու պարգևներից մեկին՝ Կոնգրեսի ոսկե մեդալին, պարգևատրման արարողությանը՝ որպես հարգանքի հատուկ նշան ներկա էին նախագահ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG