Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Հարությունյանի անունը «հպարտանալու տեղ է տալիս մեզ»


Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյան
Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյան

Այսօր լրանում է մեր լավագույն կոմպոզիտորներից Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը։

Այն կնշանավորվի այս երեկո Վանաձորի Շառլ Ազնավուրի անունը կրող Մշակույթի պալատի բակում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգով՝ այսպիսով եզրափակելով Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերում տեղի ունեցած մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված երգչուհու մենահամերգաշարը:

Ալեքսանդր Հարությունյանը հայ երաժշտության պատմության նոր դարաշրջան բացած հրաշալի մի սերնդի ամենաականավոր և ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է, որը դեռ 14 տարեկան հասակում իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ սկսել է ուսանել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, իսկ 15 տարեկանում արդեն գրել է իր հանրահայտ «Հայկական պար» ստեղծագործությունը: Հետագայում ծնունդ են առել այնպիսի նշանավոր ու շատ հանրահայտ գործեր, ինչպիսիք են «Տոնական նախերգանքը», «Շեփորի կոնցերտը», «Հայկական ռապսոդիան» և այլն, ինչպես նաև նրա մեծածավալ ստեղծագործությունները՝ «Հանդիսավոր ձոն-քայլերգը», «Դաշնամուրի կոնցերտը», «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը, «Սայաթ-Նովա» քնարական դրամատիկական օպերան և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք հնչել և հնչում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի հեղինակավոր նվագախմբերի և մենակատարների կատարմամբ:

Ալեքսանդր Հարությունյանը հեղինակել է ավելի քան 250 ստեղծագործություն, ապրել 92 տարի՝ իր ստեղծագործական վաստակի համար արժանանալով թե' իր ժողովրդի սիրուն, թե' ամենաբարձր պարգևների:

«Ազատության» հետ զրույցում կոմպոզիտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահրամ Բաբայանն ասաց. – «Ալեքսանդր Հարությունյանն արդեն մեր դասական կոմպոզիտորներից է: Ափսոս, որ կորոնավիրուսը խանգարեց, որ ավելի ճոխ նշվի նրա հոբելյանը: Իհարկե պետք է կարգին, բարձր մակարդակով նշվի: Դեռ ժամանակ կա, միգուցե էլի ինչ-որ համերգներ անեն: Լավ կլիներ, որ սիմֆոնիկ համերգներ լինեին նաև: Նա հսկայական քանակությամբ երժաշտություն է գրել, մրցույթներին են նվագում, պարտադիր ծրագրի մեջ են մտնում: Նա աշխարհում հայտնի կոմպոզիտոր է: Հետաքրքիր անձնավորություն էր, երկար կյանք ապրեց և ամբողջ կյանքը նվիրեց երաժշտությանը»:

Մեր մեկ այլ անվանի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն ասաց. – «Ալեքսանդր Հարությունյանը մեր ամենալավ կոմպոզիտորներից մեկն է, հայտնի ամբողջ աշխարհով: Նրա արվեստը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից և արդեն շատ երկար ժամանակ աշխարհով մեկ հայտնի է: Պիտի ասեմ, որ որտեղ էլ եղել եմ, գիտեն Ալեքսանդր Հարությունյանին, և դա մեծ նվաճում է, իսկապես հպարտանալու տեղ է տալիս մեզ: Ամբողջ սերունդը պետք է նշենք, նրանց հնգյակը` մեր ուսուցիչ Էդվարդ Միրզոյանը, Առնո Բաբաջանյանը, Ղազարոս Սարյանը, Ադամ Խուդոյանը և Ալեքսանդր Հարությունյանը, դա մի ամբողջ էպոխա էր հայ երաժշտության մեջ... ոչ միայն հայ, որովհետև նրանք բոլորն էլ դուրս են եկել սահմաններից և բացել են սահմանները դեպի ամբողջ աշխարհ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG