Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք:
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը: Մյուս հիվանդների մոտ, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 2 քաղաքացի:
Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել:
Մինչ օրս կատարվել է 13 հազար 789 փորձանմուշի հետազոտություն, նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել: