2 շաբաթ առաջ Լիբանանից Հայաստան մշտական ապրելու տեղափոխված Թալինը ցերեկը որոշել էր Երևանին ծանոթանալ, երեկոյան ծրագրերում ընկերների հետ Անկախության տոնը նշելն էր։ Բեյրութի պայթյունը վերջնականապես ամրապնդեց Հայաստանում հաստատվելու նրա ցանկությունը։ Լեզվի կենտրոնում արդեն գտել է անգլերենի ուսուցչուհու աշխատանք։ «Մանավանդ ինձ համար, որ ծնվել եմ, ապրել եմ օտար երկրում, ունենալ ազատ, անկախ Հայաստան` պրոբլեմներով, ամեն ինչով, ինձ համար արդեն շատ մեծ բան է», - ասում է նա:
29 տարիների թե՛ լավը, թե՛ վատը մարդիկ հիշում են, բայց որ անկախ ենք, նրանց մեծ մասը հենց դա էլ համարում է գլխավոր ձեռքբերումը։ «Էս վերջին տարիներին ենք էլի փոփոխություններ տեսնում, էն տարիներին ի՞նչ ենք տեսել, կաշառակերություն, խարդախություն, ամեն ինչ տեսել ենք, բացի նորմալ պետություն, ընտրությունների կեղծում», - ասում է բնակիչներից մեկը` հավելելով, որ ինքն իր կյանքում փոփոխություն տեսնում է. - «Մարդիկ որ ասում են` չկա, մենակ ասֆալտ ա, էտի խաբեություն է: Այն ժամանակ ես ոչ մի իրավունք չունեի, ես աշխատում էի, ինձ ոչ մեկը բանի տեղ չէր դնում, ոչ գրանցում էին, իսկ հիմա գրանցված, կարգին աշխատում եմ, էն 68 հազար, որ տալիս էին, դրանից էլ օգտվեցի»:
«Մոտակա 2 տարուց ավելին ավելի շատ անկախ եմ ես ինքս ինձ զգում, նաև մեր պետությունն եմ զգում, որ անկախ է ամեն ինչից, նաև իմ կարծիքով` ես անկախ եմ», - ասում է մեկ այլ քաղաքացի: Իսկ հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է տեսնում, որ նախորդ 27 տարիներին չի տեսել, պատասխանում է. - «Ճիշտ է` ամեն ինչ կար, ասենք թե ուտելիքը, թե սնունդը, թե հագուստը, բայց մարդիկ միևնույնն է` տխուր էին, իսկ հիմա մի տեսակ մարդիկ ժպտում են»:
Երրորդի խոսքով. - «Կար վախի զգացում նախորդ ժամանաշրջանում, հիմա ժողովրդի մոտ ոգևորություն է զգացվում: Պարզ է, որ ծանր և երկարատև ճանապարհ պետք է անցնենք, որ երկիրը դառնա երկիր, բայց քիչ բան չի արվել…
Ես ուղղակի չէի ուզենա, որ ժողովուրդը սխալվի, արագ հրաշքների սպասումով ու նոր սխալ գործի, որ նորից հետ գլորվենք, այլ բան է, որ ժողովուրդը կարող է ընտրի, հետո հիասթափվի, բայց իշխանություն, որն առաջին օրվանից մերժված է եղել և 20 տարի պահպանվել է, այ դա, իհարկե, արտառոց բան է, և Աստված ոչ անի, որ դա կրկնվի»:
Մեկ այլ քաղաքացի էլ հարցին, թե ինչ ձեռք բերեց Հայաստանը և ինչ բացթողումներ ունեցավ, արձագանքում է. - «Ընդհանրապես ավելի վատը, հիվանդությունը շատացավ, քյասիբությունն ավելի սկեց, էն, որ չէր կարում ապրեր, վապշե չենք կարում ապրենք: 10 տարի առաջվա հետ [համեմատած], լավ էր, հիմա վապշե չկա, գործ չկա: Հիմա ուզում են` էս առևտուրները չթողնեն, ինչպե՞ս պիտի մարդիկ ապրեն»:
«Չեմ կարող ասել, որ այդքան լավ վիչակում ենք գտնվում, շուրջբոլորը որ ման ենք գալիս, նկատում ես, որ մարդիկ բողոքում են իրենց ապրելակերպից: Ես ինքս գտնում եմ, որ երկրի միջոցով չէ` էտ ամեն ինչը որ դու պետք է ձեռք բերես, քեզանից էլ է կախված»:
Իսկ ձեռքբերումը համարում է աշխատավարձերի բարձրացումը:
«Տարբերություն չեմ զգում նախկինում և հիմայի համար, այսինքն` ինչ-որ ազատությունների մասով, իսկ տնտեսական առումով, բնականաբար, նեգատիվ եմ զգում մանավանդ էս տարի: Ես աշխատում եմ հենց տուրիզմի ոլորտում, ու ամենատուժած ոլորտներից մեկը մենք ենք: Երբ որ դատական նիստերը էսպես ասած` կվերջնանան, և դատավորները վերջնական որոշումներ կկայացնեն, այն ժամանակ էլ, իհարկե, պարզ կլինի` արդարությունը վերականգնվել է, թե չի վերականգնվել», - մեկ այլ քաղաքացու կարծիք է:
Ինչ վերաբերում է մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությանը, որի մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիներն ասում են. - «Համապատասխան մասնագետներ դեռ չեմ տեսնում: Եթե համապատասխան մասնագետներ լինեն, ովքեր կկարողանան զբաղվել էտ ամեն ինչով, հա, իհարկե, հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Հարցին, թե դրանք թղթի վրա մնացող ցանկություններ են, թե իրագործելի են, քաղաքացիներին մեկն արձագանքում է. - «Ես հավատում եմ, որ ես ապրելու եմ, թեկուզ իմ երեխան ապրելու է ապագա Հայաստանում: Մենք բոլորս էլ պետք է աջակցենք, սատարենք, որպեսզի ունենանք, անկախ, հզոր պետություն»: