Մատչելիության հղումներ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը գալիս է պաշտպանելու հեղափոխական օրակարգը


Նորաստեղծ կուսակցության հիմնադիր նախագահ Արման Բաբաջանյան
Նորաստեղծ կուսակցության հիմնադիր նախագահ Արման Բաբաջանյան

Հայաստանի քաղաքական դաշտ մուտք գործեց նոր միավոր. այսօր հիմնադրվեց «Հանուն Հանրապետության» կուսակցությունը:

Կուսակցության հիմնադիր անդամներից Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ազատական գաղափարախոսությամբ իրենց կուսակցությունը գալիս է քաղաքական դաշտ հեղափոխական օրակարգը պաշտպանելու համար. – «Մեր քաղաքական դաշտն այսօր էլ գործում է նախկինից ժառանգած կարծրացած կաղապարներով, քաղաքական բանավեճում տիրապետում են ոչ թե գաղափարներն ու հայեցակարգերը, այլ հայհոյանքն ու վիրավորանքը: Մեր հեղափոխությունը դեռևս խոցելի է ու փխրուն: Հետևաբար երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական համակարգի, այո, հենց քաղաքական համակարգի և ոչ միայն իշխանությունների խնդիրը պետք է լինի հեղափոխության ու նրա արժեքների պաշտպանությունը: «Հանուն Հանրապետության, ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը գալիս է անշրջելի դարձնելու հեղափոխության ընթացքը: Մենք գալիս ենք ապացուցելու, որ սին են բոլոր մարգինալ խմբերի հույսերը, թե Նիկոլ Փաշինյանին չեզոքացնելով որևէ մեկին կհաջողվի կասեցնել հեղափոխության ընթացքը»:

Նորաստեղծ այս կուսակցությունում հայտարարում են, որ հրապարակ են գալիս տեռորի և զենքի միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու հնարավորությունն իսկ իսպառ բացառելու համար: Մինչև 2018 թվականը լրատվամիջոցների ղեկավարմամբ զբաղված Արման Բաբաջանյանը հիշեցնում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ը և 2008 թվականի մարտի 1-ը. – «Հոկտեմբեր 27-ն ու Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններն են: Կազմակերպված հանցագործություններ, որոնցով սկիզբ դրվեց ապա շարունակվեց պետության ու իշխանության զավթումը: Պետության բռնազավթման շրջանակներում հետապնդվել են հարյուրավոր քաղաքական գործիչներ, ունեզրկվել ու բռնաճնշվել են հարյուրավոր մեր քաղաքացիներ, կայացվել են տասնյակ հարյուրավոր ապօրինի դատական վճիռներ: Այս հակապետական ակտերի հեղինակներն ու կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել, քանի որ չի տրվել անցյալի համապարփակ իրավաքաղաքական գնահատական, ինչը պարտավոր էր և այսօր էլ պարտավոր է անել հեղափոխական իշխանությունը»:

«Հանուն Հանրապետության» կուսակցությունում կարևորում են նաև դատական բարեփոխումներն ու տնտեսության ամբողջական ազատականացումը, որը, իրենց գնահատմամբ, հեղափոխությունից 2,5 տարի անց էլ շարունակում է մնալ խնդրահարույց. – «Դատաիրավական համակարգի այս իրավիճակն անթույլատրելի է: Մենք այն համարում ենք ընդհուպ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ և անելու ենք առավելագույնը այս ոլորտում արմատական վիրահատական բարեփոխումներ իրականացնելու, այդ բարեփոխումների օրակարգը իշխանություններին պարտադրելու համար: Անթույլատրելի է մինչև այսօր առկա այն իրողությունը, որ մեր տնտեսության ողնաշարը շարունակում են կազմել օլիգարխներն ու մենաշնորհային հիմունքներով գործող գործարարները»:

Բաբաջանյանը խոսեց նաև կուսակցության արտաքին կողմնորոշման մասին: Նրա խոսքով, թավշյա հեղափոխությամբ Հայաստանը լրջագույն հայտ է ներկայացրել հայտնվելու ժողովրդավարական հասարակությունների ընտանիքում. – «Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մեզ համար բացառիկ հնարավորություն են ստեղծում ոչ միայն ինտեգրվելու համաշխարհային քաղաքականությանը, այլև այդ կենտրոնների համակողմանի աջակցությամբ առաջ մղելու մեր ներքին բարեփոխումների օրակարգը` կապված ժողովրդավարական ինստիտուտների, դատաիրավական համակարգի, քաղաքացիական հասարակության ոլորտների, տնտեսության և այլ բնագավառների բարեփոխումների հետ»:

Համագումարի բաց հատվածն ավարտվեց կուսակցության հիմնի հնչյունների ներքո, որից հետո արդեն փակ ձևաչափով պատվիրակներն ընտրեցին կուսակցության ղեկավար կազմ: Ինչպես ավելի ուշ տեղեկացանք նորաստեղծ կուսակցության տարածած հաղորդագրությունից, կուսակցության ղեկավար ընտրվեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG